Ազատամարտիկ Սուրեն Ճարտանյանի կինը ծանր հիվանդություն ունի, նա հիվանդանոցում էր պառկած, ինչպես կնոջ, այնպես էլ իր հիվանդությունը չխանգարեց, որ պարոն Ճարտանյանը գնա առաջնագիծ:
«Էտ երկու շաբաթը հիվանդանոցում էր կինը, նա չգիտեմ ինչ ձևով է շտապել, վերջնական պատասխանն իմանալուց հետո, գնաց: Հայրենասիրությանը չափ ու սահման չի եղել, պատվի հարց է եղել նրա համար, ասում էր՝ ոնց թե չգնամ, բա ի՞նչ կմտածեն իմ մասին, ոչ մեկը չկարողացավ նրան կանգնեցնել»,- պատմեց նրա քույրը՝ Մանուշակ Ճարատանյանը:
Նրան ասել էին՝ պարտադիր չի, որ դու հենց առաջնագիծ բարձրանաս, զորամասում նույնպես պատերազմի հմուտ մասնագետներ են պետք, բայց նա ընտրեց հերոսական մահը, երկու անգամ բարձրացել է առաջնագիծ՝ երիտասարդներին հետ են ուղարկել ու կռվել: Երրորդ անգամ վիրավորվել է, վիրահատության ժամանակ սիրտը կանգնել է: Պատմում էին հարազատները:
Սուրեն Ճարտանյանը մետրոպոլիտենում ինժեներ էր աշխատում, նա նաև խոհանոցի սիրահար էր. «Նա ամբողջովին կյանքով լեցուն է եղել: Ի՜նչ ազգային կերակրատեսակներ կա, նա լավ պատրաստում էր ու անպայման հյուրասիրում էր իր տուն մտած յուրաքանչյուր հյուրի»,- նշեց քույրը և հավելեց. «Կորուստը մեծ է, բայց հպարտանում ենք, որ մեր գերդաստանում կան հերոսներ»:
Սուրեն Ճարտանյանը մահացել է 60 տարեկան հասակում:
Գևորգ Թոսունյան