Երեկ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է քաղաքացիների դիմումը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի և «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի հեղինակներն են Արտակ Զեյնալյանը, Տիգրան Սաֆարյանը և Գևորգ Սլոյանը:
Դիմումատուները վիճարկում էին փաստաբաններին տրված մոնոպոլիան, երբ քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն կարող են անել միայն փաստաբանները՝ սահմանափակ բացառություններով: Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 40-րդ հոդվածի առաջին կետը, մասնավորապես, սահմանվում է «Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:
Իսկ «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝ 1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի. 2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատա- րանում ներկայացնելու դեպքերի»:
Ի դեպ, վերոնշյալ երկու օրենքների վիճարկվող դրույթները ուժի մեջ են մտել 2011 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ Հանրային պաշտպանի գրասենյակը քաղաքացիական խիստ սահմանափակ գործերով էր իրավաբանական օգնություն տրամադրում:
Դիմողներն հայտնել են, որ Հանրային պաշտպանի գրասենյակն ունակ չէ միայնակ կրելու անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելու հանրային բեռը, քանի որ դրա ռեսուրսները մոտ 10 անգամ փոքր են պահանջարկից, իսկ մոտ ապագայում, պայմանավորված օբյեկտիվ մի շարք հանգամանքներով (պետության տնտեսական վիճակ և այլն), Հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսների տասն անգամ մեծացումն իրատեսական չէ։ Ըստ դիմողների՝ նշվածը հաստատվում է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 և ՍԴՈ-1197 որոշումներով, որոնցով Սահմանադրական դատարանը կրկին հաստատել է, որ անվճար իրավաբանական ծառայությունների համա- կարգը` որպես այլընտրանք, դեռ բավարար չափով ապահովված չէ։ Նշված պարագայում դիմողները գտնում են, որ ապահովված չէ անձանց արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:
Սակայն Սահմանադրական դատարանը գտել է, որ միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլև երաշխա- վորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել նաև այն փաստարկները, որ վիճարկվող նորմերը հակասում են արդար դատաքննության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքներին, անձնական կյանքի հարգման իրավունքին, դրա բաղադրատարր հանդիսացող՝ ինքնաարտահայտման իրավունքին, այլ անձանց շահերը պաշտպանելու նկատառումներով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմումներ ներկայացնելու և սեփականության իրավունքներին:
Եվ Սահմանադրական դատարանը հիշյալ դրույթները համարել է Սահմանադրությանը չհակասող՝ ապրիլի 6-ի ՍԴՈ- 1263 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Իրավաբան.net