ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի խոսքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման բացման խոսք

Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է, ինչպես նաև ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելը:

Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ:

Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի: Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետև Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում. նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք «հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ:

Նման մասշտաբի գործողություններ չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին:

Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:

Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:

Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»:

Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ.

1. Ադրբեջանի արտգործնախարարության, ինչո՞ւ միայն արտգործնախարարության՝ Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, և այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ-որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչ օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել: Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրվում է, որ պիտի լուծվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից:

Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ: Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաև ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը:

2. Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը և հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին:

Հայկական կողմը, և դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները:

3. Երրորդ. Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:

Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը:

Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը:

Եվ վերջում. ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ և հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արևելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ներկայութան համար և հույս հայտնել, որ հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության իմ ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ձեր մայրաքաղաքներում:

Պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել