Քաղաքացիները կամովին արյուն են հանձնում. «Տղերքը մեզ համար արյուն են թափել, պիտի օգնենք»

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում վաղ առավոտվանից քաղաքացիներ են այցելում ու կամովին արյուն հանձնում` վերջին օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վիրավորված զինվորներին օգնելու համար:

Չնայած` մեր նկարահանման ժամանակ արդեն էլ քաղաքացիների չէին ընդունում, սակայն նրանք նորից գալիս էին: Երկու երիտասարդներ էին սպասում կենտրոնի տնօրենի աշխատասենյակի դիմաց, նրանց ասացին, որ վաղը գան, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են որոշել գալ այստեղ, միգուցե հարազատներից որևէ մեկն է վիրավորվել, երիտասարդներից մեկը զայրացած արձագանքեց. «Հո, ստեղ չենք եկել, որ մեր PR անենք»,- իսկ մյուսը, չցանկանալով ներկայանալ, կարճ ասաց. «Փառք Աստծո, մեր ծանոթներից ոչ մեկ չկա վիրավորների շարքում, բայց տղերքը մեզ համար արյուն են թափել, պիտի օգնենք»:

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ այսօր առավոտվանց արյան բանկ դիմել են բազմաթիվ մարդիկ, նրանք ցանկանում են արյուն հանձնել ու դիմում են իրենց. «Արյան բանկը համալրված է արյան բաղադրամասերով, մենք ունենք մեր պաշարները, ԱՆ-ի բոլոր ստորաբաժանումները նույնպես համալրված են պաշարներով, սակայն հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մարդիկ ցանկություն են հայտնում աջակցել: Մենք ոչ մեկին հետ չենք ուղարկում, եթե գալիս են արյուն հանձնելու, ապա բժիշկը զննում է նրանց առոջական վիճակն ու մարդիկ հանձնում են արյուն: Այդ արյունը մենք երկու տարի կարող ենք պահել: Ես հայտարարում եմ, որ արյան պաշարները բավարար են, սակայն այն մարդիկ, ովքեր ցանական գալ, մենք նրանց արյունը վերցնելու ենք»,- շեշտեց պարոն Դաղբաշյանը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել