Ի՞նչ  ծավալի տվյալներով հիմնավորել վարչական խախտումն այլ անձի կողմից կատարելը

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր վարչական ակտի ընդունմանը պետք է նախորդի իրավասու մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթը` վարչական մարմնի գործունեությունը` ուղղված վարչական ակտ ընդունելուն:

Հայտնի է, որ վարչական ակտերի գերակշիռ մասն ընդունվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված, և, իրական իրավախախտի համար  պատասխանատվութուն նախատեսելու առումով, չափազանց կարևոր է իրականացվող վարչական վարույթի ընթացքում վարչական ակտի իրական հասցեատիրոջը պարզելու հարցը:

Վարչական ակտի իրական հասցեատիրոջը պարզելը խնդիր չի կարող առաջացնել այն դեպքում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, և տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է:

Սակայն այլ է հարցը, երբ ճանապարհային երթևեկության կանոնի ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է  տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` «Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված  ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի  առանձնահատկությունների մասին» 26.12.2008թ. ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը, մինչև նույն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 21.12.2015թ. ՀՕ-179-Ն օրենքն ուժի մեջ մտնելը (մինչ` 11.01.2016թ.), նախատեսում էր իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով իրավախախտում կատարվելու դեպքում բոլոր տեսակ իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցը վարող անձի վերաբերյալ հարցում ներկայացնելու կարգը:

Մասնավորապես` Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` «4. Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձին):

  1. Հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:»

IMG_9115-440x293Օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո, ընդարձակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից պահանջվող տեղեկության ծավալը և սահմանափակվել է նշված տեղեկատվությունը տրամադրելու պարտականություն ունեցող սուբյեկտների շրջանակը. ըստ նոր կարգավորման` պետական կամ համայնքային իրավաբանական անձանց ղեկավարները կամ լիազորված անձինք պարտավոր են հնգօրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե իրավախախտման կատարման պահին ում է ամրացված եղել (ով է վարել) տրանսպորտային միջոցը` գրավոր պատասխանում նշելով անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան և համարը, և պատասխանին պարտավոր են կցել աշխատանքային պայմանագրի և տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենը:

Հետևաբար, Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի բովանդակությունից բխում է, որ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը չի կարող հիմք հանդիսանալ վարչական մարմնի կողմից պետական կամ համայնքային չհանդիսացող իրավաբանական անձանցից վերը նշված ծավալով տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու պահանջի համար:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված  ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի  առանձնահատկությունների մասին»  օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն`«Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները»: 

Այս պարագայում, Օրենքը ուղղակիորեն չի կարգավորում  պետական ու համայնքային չհանդիսացող իրավաբանական անձանցից պահանջվող տեղեկատվության ծավալը, հետևաբար պետական ու համայնքային չհանդիսացող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով կատարված ենթադրյալ  իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարչական ակտի իրական հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմնի գործողությունները, պահանջվող տեղեկատվության սահմանները պետք է բխեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված սկզբունքներից, մասնավորապես` վարչարարության համաչափության (Վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր) և հավաստիության կանխավարկածի սկզբունքներից` միևնույն ժամանակ հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Օրինակ, որևէ կազմակերպությունում անձի աշխատելու փաստը հիմնավորելու համար գործատուն կարող է ներկայացնել քաղվածք աշխատանքային պայմանագրից, այլ ոչ թե աշխատանքային պայմանագիրն ամբողջությամբ, որը պարունակում է վարչական ակտի ընդունման համար ոչ անհրաժեշտ և գործատուի կողմից պահպանման ենթակա բազմաթիվ տեղեկություններ:

Իհարկե Օրենքը նախատեսում է ևս մեկ հնարավորություն` խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը ապացուցելու համար` վարչական ակտն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում և կարգով գանգատ (բողոք կամ հայցադիմում) ներկայացնելու միջոցով: Սակայն ակնհայտ է, որ վարչական ակտի իրական հասցեատիրոջը մինչև վարչական ակտ կայացնելը պարզելը բխում է և վարչական մարմնի, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ շահերից:

Արփինե Եղիկյան

Իրավաբանների հայկական ասցիացիայի խորհրդի քարտուղար, փաստաբան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել