Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխկապակցված անձիք չեն՝ ըստ օրենքի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության աշխատակազմը գնում է կատարում իր հետ խնամիական կապի մեջ գտնվող Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին պատկանող ընկերությունից, մեկ այլ դեպքում՝ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ֆինանսների նախարարությունն է գնումներ կատարում իր ազգականներին պատկանող ընկերություններից. այս խնդրահույց և շահերի բախում առաջացնող գործարքներին  Իրավաբան.net-ը անդրադարձել էր ավելի վաղ:

Մասնավորապես, գրել էինք, որ 2015 թվականի  Հոկտեմբերի 9-ին կառավարության աշխատակազմը պայմանագիր է կքնել «Օնիրա Քլաբ» ընկերության հետ՝  սննդի սպասարկման ծառայությունների համար: Վճարել է 4 միլիոն 223 հազար դրամ (շուրջ 9000 դոլար):  Իսկ 2015-ի օգոստոսին ֆինանսների նախարարությունը 45,2 միլիոն դրամ կամ 95 հազար ԱՄՆ դոլարով սպորտային պարագաներ էր գնել «Մեգասպորտ» ընկերությունից, որը պատկանում է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Նազարյանին:

Մենք այս հարցրեի վրա հրավիրել էինք նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուշադրությունը, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է հետևյալը. «Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև` 1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը. 2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը. 3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը. 4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։

Հովիկ Աբրահամյանի մասով, մեր հարցմանն ի պատասխան, էթիկայի հանձնաժողովից պատասխանել են, որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, այո, «Օնիրա Քլաբ» ընկերության մասնակիցներն են Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները, «Մուլտի գրուպ» կոնցեռնը:  Սակայն, այս անձիք չեն համարվում Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված անձիք՝ ըստ օրենքի:

Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի, 16-րդ կետի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք են համարվում նրա կամ  նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները:

«… ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի կողմից շահերի բախման իրավիճակում գտնվելու հարցը չի կարող քննարկվել նշված ընկերության մասով, քանի որ, թեև դրա մասնակիցներ Գ. և Ջ. Ծառուկյանները խնամիական կապի մեջ են Հ. Աբրահամյանի հետ, սակայն, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 16-րդ կետի, չեն հանդիսանում նրա հետ փոխակապակցված անձիք, քանի որ չեն գտնվում նրա հետ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ»,-Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան պատասխանել են Էթիկայի հանձնաժողովից և հավելել, որ համապատասխան վարույթ հարուցելու հիմքեր չկան:

Հանձնաժողովը նույն պատճառաբանությունն է մատնանշում նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ. «Օրենքի նշված դրույթի տրամաբանությամբ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձիք են՝ նրա և նրա ամուսնու զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները (արյունակացական կապի 1-ին աստիճան), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու զավակների զավակները (թոռները), ծնողների ծնողները (տատերն ու պապերը), ծնողների քույրերն ու եղբայրները (հորեղբայրները, մորեղբայրները, հորաքույրներն ու մորաքույրները), քույրերի և եղբայրների զավակները (արյունակցական կապի 2-րդ աստիճան)»:

Տվյալ դեպքում, «Մեգասպորտ» ընկերության 100 տոկոսի սեփականատեր Արմեն Նազարյանը Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է, այսինքն՝ նրանց արյունակցական կապը մինչև երկրորդ աստիճանի չէ: Եվ այս իսկ պատճառով էլ այս դեպքում նույնիսկ վարույթ հարուցելու հիմքեր չկան:

Փաստորեն, օրենսդրորեն այնպիսի հիմքեր են ստեղծվել, որ պարզ տրամաբանությամբ ակնհայտ շահերի բախումն այդպիսին չի համարվում, և այս դեպքում միակ ելքը օրենսդրական փոփոխությունները կարող են լինել. պետք է առաջարկել՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխակապակցված անձանց շրջանակն ընդլայնել, ներառել նաև հորեղբոր, մորեղբոր, հորաքրոջ, մորաքրոջ որդիներին, հարսներին, փեսաներին, նրանց ծնողներին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ