Հոկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության աշխատակազմը պայմանագիր է կքնել «Օնիրա Քլաբ» ընկերության հետ՝ սննդի սպասրակման ծառայությունների համար: Մասնավորապես,գնման հայտում նշվում էհետևյալը. «ՀՀ կառավարություն ժամանած արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արարողակարգային միջոցառումների շրջանակում կազմակերպվել է սննդի սպասարկում»:
Պայմանագրի կատարման վերջնաժամկետը նույնպես հոկտեմբերի 9-ն է, և ենթադրվում է, որ եթե ոչ հենց այդ օրը, ապա առնվազն մեկ-երկու օր առաջ է պաշտոնական պատվիրակության ընդունելությունը եղել: Սակայն կառավարության կայքում տեսնում ենք, որ հոկտեմբերի 7-ին վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին, իսկ հոկտեմբերի 6-ին՝ Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին:
Սննդի սպասարկամն ծառայությունների համար կառավարությունն այս պայմանագրով վճարել է 4 միլիոն 223 հազար դրամ (շուրջ 9000 դոլար):
Հետաքրքիր է նաև այն, որ պայմանգիրը կնքվել է «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության հետ: Ինչպես տեղեկանում ենք արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրից, այս ընկերության հիմնադիրներն են Գագիկ Ծառուկյանը, նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը և Մուլտի գրուպ կոնցեռնը:
Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը խնամիաբարեկամական կապեր ունեն:
Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածը, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձնանց շահերի բախմանը, սահմանում է հետևյալը.
«Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։
Աստղիկ Կարապետյան