Հայաստանի Հանրապետության դատարանները 2015թ. ընթացքում կայացրել են 136 արդարացման դատական ակտ՝ 157 անձի վերաբերյալ, որոնցից 110 անձ արդարացվել է լրիվ, իսկ 47-ը՝ մասնակի: Ընդհանուր թվի հետ համեմատական անցկացնելով, պարզ է դառնում, որ արդարացվել է քրեական հետապնդում իրականացվող 3869 անձանցից 4.1 տոկոսը:
Այս տեղեկությունը մեզ տրամադրեցին ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունից:
Ընդ որում՝ 12 արդարացման դատական ակտ, որոնք չեն ընդգրկվել վերոնշյալ վիճակագրության մեջ, հետագայում բեկանվել են Վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Արդարացվածները հիմնականում մեղադրվել են ոչ ծանր հանցագործության, միջին ծանրության և ծանր հանցագործության կատարման մեջ:
Ըստ դատական դեպարտամենտի տվյալների՝ 44 անձ (արդարացվածների ընդհանուր թվի 28%-ը) մեղադրվել է ոչ ծանր հանցագործության մեջ ու արդարացվել, միջին ծանրության համար մեղադրվողներից 36.9%-ը՝ 58 անձ արդարացվել են, ծանր հանցագործության մեղադրանքով 48 անձ (30.6%), իսկ առանձնապես ծանր հանցգործության մեղադրանքով արդարացվել է 1 անձ:
Վիճակագրության մեջ ներառված է նաև ՀՀ դատարանների կողմից 9 գործերով (9 անձի վերաբերյալ) քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված դատական ակտերի թիվը, որի արդյունքում անձիք ձեռք են բերել արդարացման կարգավիճակ:
157 արդարացվածնեից 152-ը (96.8%) եղել են չափահասներ, միայն 5-ն են անչափահաս, ընդ որում՝ 157-ից 131-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 26-ը՝ իգական:
136 արդարացման դատական ակտերից 119-ը (137 անձի վերաբերյալ) կայացվել է առաջին ատյանի դատարանների կողմից, 12-ը՝ (13 անձի վերաբերյալ) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, 5-ը` (7 անձի վերաբերյալ) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:
Արդարացվածներից 56,7 տոկոսի, այսինքն՝ 89-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, 55-ի (35%) նկատմամբ՝ կալանք, որից 6-ի նկատմամբ կիրառվել է գրավ, բացի այդ ընտրվել են նաև այլ խափանման միջոցներ:
Դիտեք նաև`
Պատրաստեց Գևորգ Թոսունյանը