Արագաչափերի և տեսախցիկների տեղադրման տարվա վիճակագրությունը համեմատելով նախորդ տարվա վիճակագրության հետ՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկել է այն եզրահանգման, որ ինչքան աճում են տեխնիկական այդ միջոցները, այնքան ավելանում են իրավախախտումներն ու տուգանքների քանակները:
«Բացի այդ, ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, ավելանում են ՃՏՊ-ների արդյունքում տուժած քաղաքացիները, ընդ որում՝ 2015թ. մենք արդեն ունեցել ենք 5084 տուժող, որը համեմատելով 2011թ.-ի, այսինքն՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրման տարվանը նախորդող տարվա հետ, աճել է 71 տոկոսով: Բացի այդ, ուզում եմ ասել, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրման պահից ՀՀ քաղաքացիները 38 մլրդ դրամ գումար են վճարել»,- շեշտեց պատգամավորը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը արձագանքելով ասաց, որ 2015թ. հանրապետությունում արձանագրվել է մեքենաների 15 տոկոս աճ, որից 10 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, այդուհանդերձ, նախարարը վստահեցրեց, որ վթարների աճը կառավարությունը միայն այս հանգամանքով չի պայմանավորում. «2011թ. Երևան քաղաքում արձանագրվել էր 1016 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել էր 92 մարդ և վիրավորվել 348-ը, անմիջապես 2012թ.-ին, երբ տեղադրվեցին առաջին լուսանկարահանող սարքերը, մենք ունեցանք կտրուկ նվազում, 2012թ. 1031 պատահար, այստեղ մի փոքր աճ կա, բայց զոհերի և վիրավորների թվի նկատելի նվազում կա, 2013թ.-ին կրկին նվազում՝ 61 զոհ և 1495 վնասվածք ունեցող մարդ»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը նաև ասաց, որ երբ սարքերը տեղադրվում են, սկզբնական շրջանում մարդկանց զգոնությունը բավականին ուժեղ է լինում. «Այնուհետև, իրականում մարդիկ սկսում են սովորել, եթե 50 մետրի վրա ես ցուցանակը տեղադրում, ընդամենը այդ 50 մետրի վրա են արագությունն իջեցնում, հետո ավելացնում են: Սա ես չեմ ասում, սա վիճակագրությունն է փաստում»,- ասաց նա: