Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է այդ օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ ստորև:
Վերը նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը:
Եթե վերը նախատեսված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել: Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Վերը նախատեսված դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով: