Կատարողական վարույթի ընթացքում պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Այս պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:
Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ուսումնական ավանդներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել ավանդատուի կամ հաշվետիրոջ պարտավորությունների դիմաց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 905.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: