Ուշադրություն, եթե դուք աշխատում եք (աշխատանքային պայմանագրով), ապա ՀՀ զինված ուժեր զորակոչվելու դեպքում դուք պետք է իմանաք հետևյալ իրավունքների և արտոնությունների մասին։
Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումներից հետևում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
Միևնույն ժամանակ, հավելենք, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով: