Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններն անցկացվում են երկու փուլով՝
- տեսական քննություն` տեսական գիտելիքների ստուգում.
- գործնական քննություն` գործնական վարման հմտության ստուգում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրանց բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:
Տեսական քննություն
Տեսական քննությունն անցկացվում է քննական մարմնի համար սահմանված բոլոր աշխատանքային օրերին և ժամերին` համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայով կահավորված հատուկ քննասենյակում:
«A», «B», «C» կարգերի ու «A1», «B1», «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ «D» կարգի ու «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով`
- հոգեբանական թեստ.
- գիտելիքների ստուգման թեստ:
Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից, իսկ գիտելիքների ստուգման թեստը` պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
Թեստերի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` պատահական ընտրության միջոցով: Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: Նոր հարցերը գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո:
Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`
- հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (յուրաքանչյուր թեստում` 1 հարց).
- հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝
ա. N 1 հավելվածից (յուրաքանչյուր թեստում` 7 հարց),
բ. N 2 հավելվածից (յուրաքանչյուր թեստում` 1 հարց). - հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում` 1 հարց):
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 9-ին տվել է ճիշտ պատասխան, ընդ որում` գիտելիքների ստուգման թեստի հարցերին թույլատրվում է պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում:
Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում քննության արդյունքներն անմիջապես կցվում են անձի` վարորդական վկայական ստանալու էլեկտրոնային գործին և նրան թույլատրվում է մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը:
Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը` կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը:
Գործնական քննություն
Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:
Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
- «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով.
- «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» կարգի տրանսպորտային միջոցով.
«BE» և «CE» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «CE» կարգի տրանսպորտային միջոցով.
«BE» կարգի և «C1E» ենթակարգի կամ «B1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցով:
Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի` գործնական քննություններն ընդունվում են մեխանիկական փոխհաղորդակով («B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննության դեպքում` անձի ցանկությամբ նաև ավտոմատ փոխհաղորդակով, որի դեպքում վարորդական վկայականը տրվում է միայն ավտոմատ փոխհաղորդակով ավտոմոբիլ վարելու համար) հետևյալ տրանսպորտային միջոցներով`
- 1) «A1» ենթակարգ` երկանիվ թեթև մոտոցիկլով.
2) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետում նշված մոտոցիկլների.
3) «B1» ենթակարգ` տրիցիկլով.
4) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
5) «C1» ենթակարգ` 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
6) «C» կարգ` 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
7) «D1» ենթակարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.
8) «D» կարգ` բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.
9) «BE» կարգ` սույն կետի 4-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
10) «C1E» ենթակարգ` սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
11) «CE» կարգ` սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
12) «D1E» ենթակարգ` սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով.
13) «DE» կարգ` սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով:
«T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:
Գործնական քննությունը դրական չհանձնած անձը կարող է սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել գործնական քննությանը:
«A» կարգի և «A1» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուն պետք է կարողանա կատարել «A» կարգի և «A1» ենթակարգի տրանսպորտային միջոցով գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունները:
«A» կարգի և «A1» ենթակարգի տրանսպորտային միջոցով քննությունը համարվում է դրական հանձնված, եթե «A» կարգի և «A1» ենթակարգի տրանսպորտային միջոցով գործնական քննության քննական թերթիկում նախատեսված գործողություններից առնվազն 6-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ: