ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գերատեսչություններում կադրային ջարդեր չի իրականացնի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Պարոն Մկրտչյանը նշեց, որ ներկայումս նախարարությունում աշխատում են անձիք, ում հետ նա նախկինում գործունեություն է ծավալել, այնպես որ չի պատրաստվում մեծածավալ ազատումներ իրականացնել. «Կադրային ջարդ և այլն, բնականաբար չի լինի, հիմա աշխատողների հետ ես աշխատել եմ 10 տարի առաջ, այսինքն՝ այդ իմաստով շահեկան է ԿԳՆ-ն, միակ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է, եթե կբավարարեն, կաշխատենք»,- ասաց նա:
Նախարարին հիշեցրինք, որ կրթության ոլորտը ներառված է հակակոռուպցիոն ռազմավարությունում, խնդրեցինք ասել, թե ինչ հակակոռուպցիոն քայլեր է նա նախատեսում իրականացնել, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Այսօր առավոտյան ես նշանակվել եմ, դուք ուզո՞ւմ եք ասեմ: Պատկերացումները շատ են, ավելի ճիշտ կլինի կոնկրետ խոսենք, մեկ-երկու շաբաթ, շատ չեմ հասկանում, ես չգիտեմ դեռ՝ այնտեղ ինչ կառույց կա, ստեղծված է, թե՝ ոչ»,- նշեց նախարարը: