Հայտարարություն Վ. Գասպարիին խոշտանգելու վերաբերյալ

Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Ցայսօր Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին, հնարավորություն չի ընձեռվել տեսակցել ամուսնուն:

Այսօր՝ փետրվարի 24-ին, վերջինիս տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ փորձաքննության ենթարկելու: Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը շտապել են հոգեբուժարան՝ փորձաքննությանը մասնակցելու, քանի որ այդ մասին տեղեկացվել են փորձաքննությունից քիչ առաջ:

Առանձնատեսակցելով Վ․Գասպարիին՝ պարզել են, որ վերջինս արդեն իսկ երկու օր է, ինչ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, որը ՔԿՀ վարչակազմի կողմից արձանագրվել է ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ, սակայն Վ․Գասպարիին չեն տեղափոխել համապատասխան խուց` բժշկական անընդհատյա հսկողությամբ: Դրանով Գասպարին իր բողոքն է արտահայտում վերջին մի քանի օրերի ընթացքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կապակցությամբ՝ պահանջելով  տեղափոխել իրեն մենախուց:

Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  նախ N20, հետո արդեն՝ N7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, ենթարկում են խոշտանգումների (ծեծի և այլ միջոցներով), հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վրան ջուր լցնելով, սպառնալիքներ տեղալով՝ «դու ստեղից կենդանի չես պրծնի» և այլն: Գասպարիի՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված բողոքները մնացել են անպատասխան:

Երեկ միայն` փետրվարի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արձանագրել են Գասպարիի կողմից հացադուլի և ջրադուլի անցնելու փաստը: Չնայած դրան` վերջինիս չեն տեղափոխել մենախուց, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ եզրահանգում ենք, որ Գասպարիի նկատմամբ ճնշումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հաշվեհարդար նրա քաղաքացիական ակտիվության և սկզբունքայնության համար, ինչի նպատակն անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում իրավապաշտպաններին, ներպետական և միջազգային քաղաքացիական հասարակությանը, միջազգային կառույցներին ազդեցության բոլոր հնարավոր միջոցներով միջամտել՝ փորձելով կանխել Գասպարիի նկատմամբ իրականացվող խոշտանգումները: Այժմ Վ․Գասպարիին «Նորք» հոգեբուժական կենտրոնից կրկին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ նույն խուց, ուր արդեն մի քանի օր վերջինիս խոշտանգումների են ենթարկում:

Գասպարին ինքը դիմում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Հրանտ Բագրատյանին և Թևան Պողոսյանին` խնդրելով միջամտել խափանման միջոցի փոփոխության (երաշխավորագրերի միջոցով) և իր նկատմամբ կիրառվող ճնշումների կանխման հարցում:

Վարդգես Գասպարիի պաշտպաններ՝

Տիգրան Եգորյան

Դավիթ Գյուրջյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել