Ազգությամբ ռուս Կարինե Ս.-ին շուրջ 20 տարի սիրային կապերի մեջ է գտնվել Ռուբիկ Հ.-ի հետ և վերջինիս հետ շուրջ 1 տարի համատեղ, վարձակալական հիմունքներով բնակվել են Երևան քաղաքում։
2014թ. հունիսի 29-ի երեկոյան ժամերին Ռուբիկ Հ.-ն գնացել է աշխատանքի, իսկ Կարինեն միայնակ մնացել է տանը։ Նույն օրը, նա հյուրընկալվել է իր ծանոթ՝ վարձակալական հիմունքներով նույն տան նկուղային հարկի մեկ այլ սենյակում բնակվող Գագիկ Հ.-ին և Կարեն Մ.-ին, որտեղ վերջիններս ընթրել են և ալկոհոլ օգտագործել։
Դրանից հետո, Գագիկը քնել է, իսկ Կարենը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և տեղյակ լինելով, որ Կարինեի ընկերը՝ Ռուբիկ Հ-ն, աշխատանքի վայրում է. օգտվելով կնոջ միայնակ լինելու հանգամանքից, ժամը 00:10-ի սահմաններում գնացել է նրա սենյակ և սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարել, որին ռուս կինը մերժել է, դուրս հանել սենյակից և ներսից կողպել դուռը։
Քիչ անց, Կարենը հետ է վերադարձել և տեսնելով, որ դուռը փակ է, թակել է այն և կրկին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարել, որին Կարինեն դարձյալ մերժել է և պահանջել է հեռանալ։ Դրանից հետո, Կ.Մկրտչյանը մի քանի անգամ կրկին նույն առաջարկով դիմել է կնոջը՝ տեսնելով, որ վերջինս չի համաձայնում, վերադարձել է սենյակ և նստել բազմոցին։ Կարինե Ս.-ն, վրդովվելով իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, գնացել և դանակով սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է Կարենի կրծքավանդակին, որից հետո դուրս է եկել սենյակից, զանգահարել իր կողմից վարձակալած տան տիրոջը և պատմել կատարվածի մասին։
Դատարանը Կարինե Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 9 տարի ժամկետով։