Տեսանկարահանե՞լ, թե՞ ոչ դատական նիստը. Իրավաբան.net-ի լրագրողի միջնորդությունը այսօր դատարանում դարձավ կողմերի վեճի առարկա:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետութունն` ի դեմս ՀՀ ոստիկանության, համահայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի, Սերգեյ Զաքարյանի, Հովհաննես Քոչարյանն ընդդեմ «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի քաղաքացիական գործով հերթական նիստը՝ դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ:
Տեսանկարահանմանը հայցվոր կողմը կտրուկ դեմ էր, պարզաբանումը`միգուցե տեսագրությունները համացանցում շահարկվեն. «Տեսանյութի տարածումը կարող է շահարկումների տեղիք տալ, մենք բազմիցս նկատել ենք, թե նմանաբնույթ տեսագրությունները ինչ նպատակի են ծառայում»,- ասաց ներկայացուցիչը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչը հակադրվեց՝ տեսագրությունը բխում է հանրային շահից, դրանով ապահովվում է նիստի բաց և թափանցիկ լուսաբանման սկզբունքը:
Հայցվորը առարկեց, այնուհետև պատասխանողն իր դիտողությունը ներկայացրեց, վերջում դատարանը որոշեց տեսանկարահանումն արգելել, թույլատրվում է միայն լուսանկարահանումը:
Հերթական նիստին պատասխանողի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը միջնորդությամբ հանդես եկավ: Նա իր միջնորդությունում մեջբերեց ՍԴ-ից և Վճռաբեկ դատարանից նախադեպային որոշումներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից մեկը և ասաց, որ ըստ ՄԻԵԴ-ի՝ վիրավորանքի կամ զրպարտության դեպքով հայց կարող է հարուցվել միայն այն պարագայում, եթե այդ զրպարտություններն ուղղված են կոնկրետ մարդու. «Հաշվի առնելով նման իրավակարգավորումները, այս առնչությամբ դատարանին խնդրում ենք ՀՀ ոստիկանության համար ապացուցել, որ հայցադիումում որպես վիրավորանք ներկայացված «G» ու հենց նենց յոթ» արտահայտությունը և «շան տղա» արտահայտությունն ուղղված է ՀՀ-ին, տվյալ դեպքում՝ ոստիկանությանը»:
Տիկին Հարությունյանը դատարանին նաև խնդրեց, որ հայցվոր կողմի համար սահմանվի ապացուցման բեռ՝ արդյոք նրանք վնաս կրե՞լ են, թե՝ ոչ, որը իրական է ու առկա է դրա նյութական կողմը:
Անդրադարձ կատարվեց նաև պատասխանողին, փաստաբանն ասաց, որ հայցից հստակ չէ, թե ինչո՞ւ է այն ներկայացվել հենց Վիլեն Գայֆեջյանի դեմ, ի վերջո «SOS»-ը հաղորդաշար է, որն ունի տարբեր աշխատակիցներ, Վիլենը միայն հաղորդավարն է:
«Մենք Գայֆեջյանին ընդունում ենք` որպես ֆիզիկական անձ, ով օգտվել է իր արտահայտելու իրավունքից»,- ասաց հայցվորի ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը. «Մենք ասում ենք` կարծիք արտահայտելիս նա թույլ է տվել խուլիգանական բնույթի հայհոյախոսություն, անցել է սահմանված նորմերը: Տեսանյութը բարոյականության բոլոր սահմանների անցում էր: Պարոն Գայֆեջյանը տարբեր քննադատություններ է հնչեցնում, երբեմն բավականին սուր, մենք դրանք չենք դիտարկել, եթե նկատել ենք՝ ընդամենը երկու կետի ենք անդրադարձել, հակառակ դեպքում, եթե այդպիսի տրամաբանությամբ մոտենայինք, պետք է ամբողջ օրը պարոն Գայֆեջյանի դատի տայինք»,- նշեց նա:
Ի վերջո դատարանը որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ Հայկուհի Հարությունյանը հայտարարեց, որ դատարանը զրկեց պաշտպանական կողմին` իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից: Նա ևս մեկ միջնորդությամբ հանդես եկավ, որի քննարկումը հետաձգվեց, որպեսզի կողմերը ծանոթանան դրա էությանը:
Գ.Թ.