«Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը»,- այսօր ԱԱԾ նոր տնօրենին ներկայացնելով՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի «մեսիջները» շատ պարզ են ու հստակ՝ մեր պետության ներքին անվտանգության ապահովման թիվ մեկ մարտահրավերը կոռուպցիան է, իսկ ամենակարևորը, միգուցե՝ շատ ու շատ պաշտոնյաների համար ամենացավալին, հետևյալն է՝ հակակոռուպցիոն լուրջ պայքարով զբաղվելու է ԱԱԾ-ն:
Նախագահի խոսքերից կարելի է հասկանալ, որ, այո, մենք տեսել ենք 20 հազար դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալված դատավորի «օպերացիան» և այլ՝ փոքր ու միջին չափսերի կոռուպցիոն բացահայտումներ:
«Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում»,- ասել է նախագահը։
Փաստորեն «խոշոր ձկների գլխից» բռնելու գործընթացը, որն այդպես էլ չկարողացավ իրականացնել Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սկսելու է կյանքի կոչել Ազգային անվտանգության ծառայությունը:
Մեկնարկը տրված է՝ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո. «Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:
Մինչ լրատվամիջոցների գերակշիռ հատվածը և քաղաքական ուժերը կենտրոնացել են պորտֆելային խաղի վրա, այլ խոսքով՝ մինչ բոլորի ուշադրության կիզակետում զինվորի քայլն է, թագուհին արդեն շախ ու մատի գործընթաց է սկսել:
Այս շախմատային քաղաքականությունը նաև հետաքրքիր մեսիջներից նաև հուշում է մի բան՝ ի վերջո իշխանությունը հասկացել է ու ողջ ներուժով փորձելու է պայքարել երկրի ներքին անվտանգության մեջ սեպ խրող արատի դեմ՝ կոռուպցիայի: