Արման Թաթոյանը օմբուդսմենի առաքելությունները իրականացնելիս կղեկավարվի իրավունքի գերակայության սկզբունքով. Արամ Վարդևանյան

Ինչպես հայտնել ենք, ներկայումս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածու է առաջադրվել՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իրավաբան Նարեկ Ալոյանը: Սահմանադրության պահանջներից մեկն այն է, որ օմբուդսմենը պետք է լինի հանրաճանաչ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այն հարցին, թե այս երեք թեկնածուներից ո՞վ է ավելի հանրաճանաչ, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատասխանեց.

«Պետք է նկատել, որ հանրաճանաչ եզրույթը չի նախատեսում որոշակի չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ հստակ եզրակացնել անձը հանրաճանաչ է, թե՝ ոչ: Կարծում եմ, հանրաճանաչ եզրույթի չափորոշիչ կարող էր հանդիսանալ անձի գիտական աստիճանի առկայությունը: Այս տեսանկյունից դիտարկելով հարցը՝ կարող եմ ասել, որ Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և իրավագիտության ոլորտում ճանաչված է որպես սեփական կարծիք ունեցող անձ:   Ինքս կարծում եմ, որ Օմբուդսմենի պաշտոնը պետք է զբաղեցնի իրավաբանության ոլորտում կայացած մարդ: Պատահական չէ, որ Օմբուդսմենը վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ է, և բոլորին հայտնի է, որ նրա կողմից Սահմանադրական դատարանին ուղղված յուրաքանչյուր դիմումը ենթադրում է լրջագույն իրավական վերլուծություն»:

Արամ Վարդևանյանը նշեց նաև, որ անձամբ ճանաչում է Արման Թաթոյանին. «Կարող եմ ասել, որ նա աշխատասեր, խելացի և արդար մարդ է: Վստահ եմ, որ կարող է արդյունավետորեն իրականացնել օմբուդսմենի լիազորությունները և օմբուդսմենի առաքելությունները իրականացնելիս կղեկավարվի իրավունքի գերակայության սկզբունքով»:

Նա նշեց նաև Արման Թաթոյանի աշխատանքի ընթացքում կարևոր ձեռքբերումներից մեկը. «Մեկ օրինակ կնշեմ: Վերջին 6 տարիների ընթացքում միջազգային կառույցները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ ամեն տարի բարձրաձայնել են քրեական օրենսգրքում խոշտանգման հասկացության միջազգային պահանջներին համապատասխանեցման հիմնահարցը: Հենց Արմանը Թաթոյան նախաձեռնեց այս խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթը, և այսօր մենք ունենք միջազգային բոլոր պահանջներին համապատասխանող, քրեական օրենսգրքում ամրագրված խոշտանգման հասկացություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել