Չեմ բացառում, որ քաղաքական կոնտեքստ լինի Կարեն Անդրեասյանի հրաժարականի համար. Լիպարիտ Սիմոնյան

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի համար անսպասելի էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից հրաժարականի ներկայացնելը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս փորձում էր կատարել այն գործառույթները, որոնք օրենքով լիազորված էր իրականացնելու:

«Աշխատանքի մոտեցումից ու բնույթից երևում էր, որ նա ցանկանում է այդ գործողություններն իրականացնել ու առավելագույնս անել, այդ տեսանկյունից ինձ համար շատ անսպասելի էր նրա հրաժարականը»,- նշեց փաստաբանը:

Խոսելով 2013թ.-ին ՄԻՊ գրասենյակի զեկույցի մասին՝ դատական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ, փաստաբանն ասաց. «Ես սկանդալին չէի համարի այդ զեկույցն, այլ իրական էր դա, որովհետև հիմնված էր իրական փաստերի վրա և ԱԺ-ում այդքան դեբատները, որ տեղի ունեցան, գնահատական էր նրա՝ բարձր աշխատանքի: Ամեն դեպքում, ես չեմ բացառում, որ նաև քաղաքական կոնտեքստ լինի հրաժարականի համար»,- ընդգծեց պարոն Սիմոնյանը:

Նա դժվարացավ ասել, թե ով կարող է լինել նոր պաշտպանի դերում. «Հուսով եմ, որ ով էլ լինի, կփորձի ավելի լավ աշխատել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, քան նախորդներն են եղել»,- նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել