Երեք անձի են դանակահարել. մեղադրանք է առաջադրվել անչափահասի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են երեք անձի դանակահարության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ձերբակալված անչափահասին մեղադրանք է առաջադրվել։

2015 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 21:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է ընդունվել 3 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս:

Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը նշված երեք անձինք ճանաչվել են որպես տուժողներ:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ստեփանավանի բնակիչ է, անչափահաս:

Նախնական քննության տվյալներով՝  անչափահասը  2015 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Ստեփանավանի զբոսայգում  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է տուժողների հետ, որի ժամանկ էլ իր մոտ գտնվող գաղտնի փականով ծալովի դանակով հարվածներ է հասցրել վիճաբանությանը մասնակից երեք երիտասարդներին՝ նրանցից երկուսին պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ մեկին՝ թեթև վնաս, այնուհետև դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին անչափահասին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝  երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 117-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել