Փաստաբան Տիգրան Սաֆարյանի համար տարօրինակ է, թե ինչու է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրել՝ առանց որևէ պարզաբանման:
«Միայն այն, որ լուրջ պաշտոն զբաղեցնող անձը շատ գաղտնի, չհրապարակայնացվող պայմաններում հրաժարական է տալիս ու ոչ ոք չի բացատրում՝ ինչու, նաև հաշվի առնելով ԱԺ-ի նախորդ նստաշրջանին եղած բանավեճերը, ապա այս ամենը լուրջ խնդիրներ են առաջացնում: Թող ասեին, որ Կարեն Անդրեասյանը չի կարող այլևս պաշտոնավարել կամ էլ՝ որևէ մարմին գործել է այլ կերպ, ուստի նա որոշել է հրաժարական տալ, ամեն դեպքում՝ որևէ պարզաբանում կողջունվեր, սակայն հիմա մնում է միայն գուշակել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքերով՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունց հրատապ խնդիրների շարքում է շարունակում մնալ արդար դատաքննության ապահովումը. «Նոր պաշտպանն այդ նույն խնդիրներն ունենալու է, այնպես չէ, որ Կարեն Անդրեասյանը դրանք լուծել է: Խնդիրներ կան ու շարունակում են մնալ, պետք է հուսալ, որ նոր պաշտպանն առավել ակտիվ կաշխատի»,- նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հայտնի է նաև 2013թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ իր արտահերթ զեկույցով, որում շեշտը դրվում էր նաև դատական համակարգում կոռուպցիոն երևույթների մասին:
Ըստ զեկույցի` կաշառքի չափը կախված է հայցագնի 10%-ից: ՄԻՊ գրասենյակը անցկացրել էր անանուն հարցումներ, հարցվածների մեծ մասը փոխանցել է, որ առաջին ատյանում վերցնում են 500-10.000 ԱՄՆ դոլար կաշառք, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15.000, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար՝ կախված գործի բնույթից:
Տիգրան Սաֆարյանը դժվարացավ խոսել դատական համակարգի կոռուպցիայի մասին, միայն ասաց, որ հատկապես քրեական գործերով այլ սխեմա է կիրառվում. «Դատախազը պահանջում է, դատարանը դակում է, հիմա թե այդտեղ ի՞նչ կոռուպցիայի մասին կարելի է խոսել, դժվարանում եմ ասել»: