ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կոտայքի մարզի Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արարատի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սիսիան քաղաքում առկա է բուք, իսկ Արագածոտնի մարզում մառախուղ է:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: