Դատավորների և դատախազների թեկնածուները ստացան դիպլոմներ

«Որ պահին ձեզնից յուրաքանչյուրը ուզեցավ՝ ձեզ նման դատավոր կամ դատախազ որոշի իր բարեկամի ճակատագիրը, այդ պահին կարող ենք համարել, որ դուք գիտակցում եք պատասխանատվության զգացումը»,- այսօր՝ դեկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայի 2015 թվականի ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին նվիրված միջոցառմանը ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հակառակ դեպքում, ըստ նրա, համակարգում կան նաև անբարեխիղճ պաշտոնյաներ. «Մենք, ցավոք սրտի, այսօր ունենք դատական և դատախազական համակարգում բազմաթիվ սուբյեկտներ, որոնք համարում են, որ իրենք միշտ իրենց պաշտոնին են լինելու, տենց չի լինելու, մի օր նրանք էլ են պատասխանատվության ենթարկվելու՝ իրենց և՛ կատարված, և՛ չարածի համար»,- շեշտեց նա:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա հրամանով դատախազների նշանակման կարգ է հաստատվել. «Եթե նախորդ շրջանավարտները ավարտում էին՝ կամ նշանակվում էին, կամ չէին նշանակվում գլխավոր դատախազի հայեցողությամբ, ես կարգ եմ սահմանել, որ շրջանավարտները նվազագույնը 3-ից 6 ամսվա ընթացքում պետք է պրակտիկա անցնեն տարածքային ստորաբաժանումներում, որոնց ղեկավարը պետք է գնահատագիր տա նրանց, եթե ձեռք չբերեցին հմտություններ ու կարողություններ, ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս: Այս գնահատագիրն էլ հիմք է հանդիսանալու նրա նշանակման համար»,- ընդգծեց Գևորգ Կոստանյանը

«Բացի նրանից, որ առաքելություն ունեք, գիտակցեք մեկ այլ կարևոր հանգամանք՝ դա ծառայություն է Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին»,- դիմելով թեկնածուներին՝ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Որևէ մեկը երբեք թող չմտածի, որ ինքը իրականացնում է որևէ գործողություն և այն իր բացառիկ որակներից բացի այլ բանի համար է տրված, իսկ այդ բացառիկ որակները պետք է լինեն գիտելիքը, լավ կրթությունը, մշակույթը, ժողովրդին ծառայելու գիտակցումն ու պատրաստակամությունը, և վերջում, բայց ոչ ամենավերջինը՝ արդարությունը, արդարության զգացումը յուրաքանչյուրի համար պետք է լինի շոշափելի: ՀՀ քաղաքացին իր արդարության պակասը կարող է լրացնել միայն այն դեպքում, երբ ձեզանից յուրաքանչյուրն այդ արդարության մասին ավելի շոշափելի եղանակներով, իր ամենօրյա գործունեության ընթացքում ապացուցի ու կիրառի՝ ամենակարևորը»,- ընդգծեց նախարար:

Այսօր ամփոփում ենք հերթական ուսումնական շրջափուլը և մեծ լավատեսությամբ քայլում առաջ: Միջոցառմանը շեշտեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Նա ասաց. «Մեր լավատեսությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ 2015 թվականին կարողացանք որոշակիորեն ամփոփել 2014 թվականի արդյունքները, այն բացթողումները, թերությունները, որոնք ունեինք, ավելի մեծ ծավալով ուսումնասիրել մեր գործընկերների փորձը: 2015 թվականին ավելի հարթ տարի մենք ունեցանք, ինչը մեզ համար լավատեսության առիթ է տալիս: Մենք պատրաստվում ենք շարունակական կատարելագործել մեր ուսումնական ծրագրերը, ուսումնական նյութերը և դասավանդման մեթոդաբանությունը, դրանք համապատասխանեցնել օրվա արդիական խնդիրներին և պահանջներին, կրթության ժամանակակաից տեխնոլոգիաներին: Կրթությունը այն ոլորտն է, որտեղ պարտվողներ չկան, բոլորը շահող են: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ մենք միայն բարիք ենք ստեղծում և մեր լավ աշխատանքը ընդամենը բարիքի ծավալն է մեծացնում»:

Այնուհետև ունկնդիրները ստացան դիպլոմներ:

Գևորգ Թոսունյան

Լուսանկարները՝ հեղինակի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել