Կուրսանտի մահվան գործով առաջին նիստը կայացավ. դատախազին բացարկի միջնորդություններն արվեցին

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ մինչ այս նշանակված առաջին չորս դատական նիստերը հետաձգվել են՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով:

Ամբաստանյալների անձնական տվյալները ճշտելուց հետո գործով ամբաստանյալներից Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Հարոյանի դեմ՝ նշելով, որ վերջինիս վերահսկողությամբ անցկացված այս գործով նախաքննությունը կատարվել է միակողմանիորեն և հիմնականում ապացույցներ են ձեռքբերվել իր պաշտպանյալի հանդեպ մեղադրանքը հիմնավորելու ուղղությամբ, իսկ արդարացնող ապացույցներ ձեռքբերելու վերաբերյալ իրենց մի շարք միջնորդությունները մերժվել են:

Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը նույնպես միացավ բացարկի միջնորդությանը: Նա իր խոսքում նշեց, թե  դատախազը հիմնականում «նոտարի դեր է կատարել»՝ վավերացնելով քննիչի գործողությունները, իսկ քննիչը իր պաշտպանյալի հանդեպ կանխակալ մոտեցում է ցույց տվել:

Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը նույնպես միացավ միջնորդությանը և  շուրջ երեսուն րոպե հիմնավորեց դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը: Մասնավորապես նա հայտնեց, որ փորձագիտական մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ նախաքննությունը միակողմանի է կատարվել, չեն հետազոտվել կուրսանտի մահվան այլ վարկածներ, գլխավորապես իր պաշտպանյալի վերաբերյալ մեղադրող ապացույցներ են հավաքվել:

Ամբաստանյալ Նորիկ Սահակյանը նույնպես միացավ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությանը: Նա իր խոսքի սկզբում նախ ցավակցեց սպանված Հայկազ Բարսեղյանի հարազատներին: Այնուհետև խոսեց նախաքննական մարմնի կողմից թույլտրված խախտումների մասին. մասնավորապես, երբ ինքը գործով ներգրավել է պաշտպան, հայտնել են, որ Նորիկը ցուցմունքներ, բացատրություններ չի տվել, սակայն անհասկանալի ձևով, հայտնի է դարձել, թե դեպքի  օրը նա՝ ում հետ և ինչով է զբաղված եղել: Փաստաբանի խոսքով, տարօրինակ է նաև այն, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը, իսկ նույն օրը ցերեկը արդեն իսկ մեղադրանք են առաջադրել ամբաստանյալներին:

Պաշտպանները բարձրաձայնեցին նաև այն խնդիրը, որ  շուրջ տասն ամիս իրենց պաշտպանյալները իրավունք չեն ունեցել տեսակցության, ինչը կատարվել է նրանց իրավունքների խախտմամբ:

Դատախազն ու տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը առարկեցին միջնորդությունների դեմ: Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Շուրջ երեսուն րոպե հետո կհրապարկվի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել