Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
15.24
ՀՀ նախագահը մեկնեց շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից։
15.04
Ավարտվեց հանդիպումը, Ալիեւը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ:
14.20
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցից հետո ներս են հրավիրվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը։
14.09
Նախագահ Սարգսյանի և Ալիեւի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում։
13.20
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիեւը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
13.07
Շվեյցարիայի Բեռն քաղաքում սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Նույն աղբյուրի փոխնանցմամբ շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն առաջինը ժամանել էր Ադրբեջանի նախագահը, իսկ այնուհետև՝ Հայաստանի նախագահը:
Լուսանկարը՝ www.president.am կայքից և Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: