Մինչ այս անդրադարձել ենք Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանների նախագահների հայտարարագրերին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել մարզերի դատարանների նախագահները: Ի՞նչ եկամուտներ նրանք ունեն ու ովքե՞ր են ամենահարուստ դատավորները:
Վարդան Ստեփանյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, նրա դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 15 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում՝ 7 մլն ՀՀ դրամ, բացի այդ նա ստացել է 15 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն:
Հետագա տարիներին նրա եկամուտներում էական փոփոխություն չի արձանագրվել, իսկ վերջին հայտարարագրից (2014թ.) տեղեկանում ենք, որ դատարանի նախագահի եկամուտները հարկային տարվա վերջում մնացել են նույնը՝ 15 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը 9 մլն ՀՀ դրամ, նա նաև ստացել է 7 հազար ԱՄՆ դոլարի և 3 մլն ՀՀ դրամի փոխառություն:
Իրենց գույքն են հայտարարագրել նաև դատարանի նախագահի կինն ու որդին: Նրանց հայտարարագրում տեղեկություն կա միայն տարվա ընթացքում ստացված աշխատավարձի վերաբերյալ:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը 2011թ.-ի տարվա ավարտին հայտարարագրել է 8,5 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը՝ 8,8 մլն ՀՀ դրամ, այս եկամուտները գրեթե նույնն են մնացել, իր վերջին հայտարարագրում պարոն Սարգսյանը ներկայացրել 8 մլն ՀՀ դրամ դրամական միջոցներ և 10 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Հայտարարագրված է նաև պարոն Սարգսյանի կնոջ եկամուտները:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի եկամուտները 2011թ. վերջին կազմել են 26 մլն ՀՀ դրամ և 34 հազար ԱՄՆ դոլար: Աշխատավարձը տարվա կտրվածքով կազմել է 7 մլն դրամ, դատական իշխանության ներկայացուցիչը նաև ստացել է 100 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություն՝ վարկերի տեսքով:
2014թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 27 մլն ՀՀ դրամ և 34 հազար ԱՄՆ դոլար, նա ստացել է 144 հազար ԱՄՆ դոլարի փոխառությունը, աշխատավարձը հարկային տարում կազմել է 11 մլն ՀՀ դրամ:
Թեև նրա կնոջ՝ Ալվինա Մելքոնյանի 2011-2014թթ. ներկայացրած հայտարարագրում եկամուտների մասին տվյալներ չկան, սակայն նրա դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 4500 ԱՄՆ դոլար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի 2011թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարվա ավարտին նրա եկամուտները կազմել են 18 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում՝ 7,5 մլն ՀՀ դրամ:
2012թ. դատարանի նախագահի եկամուտները աճել են՝ դառնալով 22 մլն դրամ, իսկ 2013թ.-ին՝ չնչին տոկոսով նվազել, իսկ 2014թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է 24 մլն ՀՀ դրամական միջոցներ, բացի այդ պաշտոնյան ձեռք է բերել նաև LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենա, աշխատավարձը հարկային տարում՝ 7,9 մլն ՀՀ դրամ:
Դատարանի նախագահի կնոջ՝ Արմինե Աբաջյանի եկամուտները 2014թ. վերջին կազմել են 6,5 մլն ՀՀ դրամ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը 2011թ.-ի վերջին ունեցել է 8,5 մլն ՀՀ դրամի և 8 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ: Նրա աշխատավարձը հարկային տարում կազմել է 6,4 մլն ՀՀ դրամ, բացի այդ նա ստացել է 10 մլն ՀՀ դրամի փոխառություն:
Պարոն Հովհաննիսյանի՝ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 3 բնակարան և մեկ հասարակական նշանակության շինություն: Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 մլն ՀՀ դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:
2014թ.-ին նրա կնոջ՝ Արփինե Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են 7 մլն ՀՀ դրամ և 2500 ԱՄՆ դոլար, եկամուտները հարկային տարում 180 հազար ՀՀ դրամ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը 2011թ. ավարտին հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ (հաջորդ տարի այս գումարը զրոյացվել է), 40 հազար ԱՄՆ դոլար և 65 հազար Եվրո, նրա աշխատավարձը հարկային տարում կազմել է 6,3 մլն դրամ, ստացել է այլ եկամուտներ՝ 6,8 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 20 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն:
2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 65 հազար եվրո և 40 հազար ԱՄՆ դոլար, աշխատավարձը հարկային տարում 7 մլն ՀՀ դրամ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 7 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում 9 մլն ՀՀ դրամ:
Հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի 2014թ. հարկային տարում ձեռք է բերել երկու հողամաս ընդամենը 250 հազար ՀՀ դրամ արժողությամբ:
2014թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները մնացել են նույնը 7 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը 9,8 մլն դրամ՝ հարկային տարում:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 30 մլն ՀՀ դրամ, աշխատավարձը հարկային տարում՝ 5,9 մլն ՀՀ դրամ, հաջորդ տարի նրա դրամական միջոցները կտրուկ նվազել են՝ դառնալով 2,8 մլն ՀՀ դրամ, իսկ 2014թ. դատարանի նախագահը հայտարարագրել է 23 մլն ՀՀ դրամ դրամական միջոց:
2011թ. պաշտոնատար անձի կինը՝ Լիլիթ Պետրոսյանը ոչ մի եկամուտ կամ դրամական միջոց չի ունեցել, 2012թ.-ին նրա աշխատավարձը կազմել է 695 հազար ՀՀ դրամ, 2013թ. 1,4 մլն ՀՀ դրամ, իսկ 2014թ. նա ձեռք է բերել 10 մլն ՀՀ դրամ արժողությամբ բնակարան և հողամաս՝ 30 մլն ՀՀ դրամով:
Ըստ էության սա եղել է նվիրատվության տեսքով, քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու եկամուտները հարկային տարում հայտարարագրի բաժնից տեղեկանում ենք, որ նա ստացել է նախ 10 ապա և 30 մլն ՀՀ դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոց:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի դրամական միջոցները 2011թ. վերջում կազմել են 40 հազար ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ, հարկային տարում նրա աշխատավարձը՝ 9 մլն ՀՀ դրամ:
2014թ. նրա դրամական միջոցները 5 մլն ՀՀ դրամից հասել են 1 մլն-ի և 45 հազար ԱՄՆ դոլարից՝ 70 հազարի:
Պաշտոնատար անձի կնոջ դրամական միջոցները կազմում են 10 հազար ԱՄՆ դոլար և 13 հազար Եվրո, նրա տարեկան եկամուտները՝ աշխատավարձը 3000 եվրո է:
Իսկ թե ով է ամենահարուստ դատավորը՝ ըստ 2014թ. ներկայացված հայտարարագրի դրամական միջոցների, կարող եք իմանալ ստորև բերված սխեմայում (փոխարժեքը ՀՀ դրամ, ներկայացվել է 2014թ. հայտարարագրերի տվյալները):
Գևորգ Թոսունյան