Քաղաքացի Կառլեն Վ.-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում փաստացի չբնակվելու պայմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնից գրություն է ուղարկվել նույն բաժնի անձնագրային խումբ այն մասին, որ նա բնակվում է հիշյալ գյուղում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի բաժնի աշխատակիցը, անձնական այլ դրդումներով, նախքան բաժնից համապատասխան փաստը հաստատող գրությունը ստանալը, առանց որևէ հիմքի, Կառլեն Կ.-ի անձնագրում կատարել է նշում՝ հիշյալ գյուղում նրա փաստացի բնակվելու վերաբերյալ, որի հիման վրա Կառլեն Վ.-ն հաշվառվել է սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:
Այնուհետև Կառլեն Վ.-ին՝ որպես անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի, պետության կողմից վիրահատությունն անվճար կատարելու համար հատկացվել է 3 մլն. ՀՀ դրամ գումար:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային խմբի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ` շուրջ 7 ամիս, կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: