Իրազեկում բոլոր նրանց, ում գույքը գտնվում է արգելանքի տակ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 44–րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող այն գույքը, որի վրա բռնագանձում տարածվել չի կարող։

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

Արգելանքը կիրառվում է`

1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.

3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում.

4) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում:

Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:

Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:

Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:

Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:

Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել