Պատրաստ է «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագիծը

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցի նախագիծն արդեն պատրաստ է:

Զեկույցը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն մեզ հետ զրույցում նշեց, որ նախատեսվում է հանրային քննարկման ներկայացնել այս փաստաթուղթը. «Այդ գործառույթն իրականացվելու է ինչպես առցանց, այնպես էլ մեկնարկելու են քննարկումների շարք մարզերում և Երևանում: Առաջինը տեղի կունենա վաղը՝ Գավառ քաղաքում»:

Նա տեղեկացրեց, որ զեկույցի շրջանակներում վերլուծության են ենթարկվել բոլոր հոդվածները, սակայն 5 առանցքային խնդիրների վրա է ուշադրությունը սևեռվել, դրանք են՝ կանանց իրավունքները սեփականության իրավունքի ոլորտը, այդ թվում՝ ամուսնության, ամուսնալուծության ժառանգման համակարգում, կանանց վերարտադրողական և առողջության խնդիրները, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցերը, այս հարցում ՀՀ բացասական ցուցանիշ է արձանագրել, բացի այդ զեկույցում ուշադրություն է դարձվել նաև կանանց աշխատանքային իրավունքին, ինչպես նաև կանանց մասնակցության խնդիրներին ու վերջինը՝ միջազգային պայմանագրով ստանձնած ՀՀ-ի պարտականություններին:

Քննարկումները կավարտվեն հոկտեմբերի 9-ին. «Այսպիսով մենք հնարավորություն կունենանք նաև հանրային քննարկման արդյունքում բոլոր կարծիքները համալրել և ինչու չէ նաև ավելի զարգացնել»:

Զեկույցը բաղկացած է երկու մասից, առաջինում՝ ուսումնասիրություններն են ու խնդրի վեր հանումը, իսկ երկրորդում՝ տրվում են հստակ առաջարկություններ. «Ինչպես նաև այլ մեթոդներ են կիրառվել, իրականացվել են մի շարք հարցազրույցներ պետական մարմինների ոլորտային պատասխանատուների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, փաստաբանների հետ, թվով՝ 20 պետական մարմիններում»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը:

Ըստ փաստաբանի՝ ուսումնասիրվել են կանանց իրավունքներ սահմանող մի շարք միջազգային կոնվենցիաներ, ՄԻԵԴ նախադեպեր, ԵՄ Խորհրդի հրահանգներ և ԵՄ Արդարադատության դատարանի վճիռներ, ՀՀ և միջազգային իրավական ակտեր, միջազգային լավագույն փորձ:

«Փորձել ենք հանել լավագույն միջազգային փորձը և առաջարկությունները հիմնվել են այդ փորձի վրա: Անցկացվել են նաև դասընթացներ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հավելենք նաև, որ ծրագրի ղեկավարն է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան  Կարեն Զադոյանը: Զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սյուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել