ՀՀ-ում 16 (որոշ դեպքերում 14) տարին լրացած անձիք ենթակա են քրեական պատասխանատվության: Անչափահասների նկատմամբ նշանակվում է պատժի չորս տեսակ՝ տուգանք, հանրային աշխատանք, կալանք և որոշակի ժամկետով ազատազրկում: Ոչ մեծ ծանրության հանցագործության համար անչափահասների նկատմամբ ազատազրկումը նշանակվում է առավելագույնը 1 տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Անչափահասի մինչև 16 տարին լրանալը կատարած ծանր հանցագործության համար՝ առավելագույնը 7 տարի ժամկետով ազատազրկում, իսկ 16-17 տարին լրանալը կատարած ծանր հանցագործության համար՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:
Ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա հոգեբանական զարգացման աստիճանը, առողջական վիճակը, կյանքի և դաստիարակության պայմանները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը:
Ինչի՞ համար են դատապարտվում անչափահասները
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի մեջ գերակշիռ մասը կազմում են գույքի հափշտակության դեպքերը: Ըստ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության տրամադրած տվյալների՝ 2010 թվականից առ այսօր նկատվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում:
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նվազագույնին հասցնելու համար ՝ ՀՀ Ոստիկանությունը կատարում է պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնց մեջ մտնում են ՀՀ տարածքում գործող կրթական հաստատություններում զրույց-զեկույցների միջոցով իրազեկման քաղաքականություն վարելը և անչափահասների հետ անհատական դաստիարակչական աշխատանքներ կատարելը:
ՀՀ Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունից մեզ տեղեկացրին, որ Հանրապետությունում պարբերաբար կազմակերպվում են ստուգայց շրջագայություններ, որոնց նպատակն է բացահայտել կասկածելի և հավանական հավաքատեղիները:
«Անչափահասները բանտից ուղղված դուրս չեն գալիս»
Իրենց կատարած հանցանքների համար ազատազրկման դատապարտված անչափահասներին վերաինտեգրելու համար քրեակատարողական հիմնարկ պետք է ուղղիչ գործառույթ իրականացնի, որպեսզի անչափահասը, դուրս գալով ազատություն, կարողանա լիարժեք և համահունչ ապրել իր տարեկիցների հետ։
Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին փորձեցինք ճշտել փաստաբաններից։ Նրանցից Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ անչափահասների քրեակատարողական հիմնարկներում չկա այն սարսափելի ու բացասական երևույթները, որոնք առկա են մեծահասակների քրեակատարողական հիմնարկներում. «Իրավիճակը բավականին վերահսկվում է: Գիտեմ, որ ֆիզիկական բռնություններ հիմնականում չի լինում, ըստ իմ պաշտպանյալների խոսքերի` աշխատակազմը բավականին ուշադիր է»,- նշեց մեր զրուցակիցը:
Աբովյան քրեակատարողական հիմնարկում կատարվում է նաև կալանավորված անչափահասների հետ տարվող հոգեբանական, իրավական, ինչպես նաև սոցիալական բնույթի աշխատանքներ: Այստեղ անչափահասների հետ աշխատում է մեկ հոգեբան:
Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տրամադրած տվյալների՝ անչափահաս կալանավորների հետ աշխատանքներ են տարվում հոգեկան լարվածության թուլացման, ագրեսիվության ցուցանիշի նվազման, կոնֆլիկտների հաղթահարման և սթրեսային իրավիճակներին դիմակայելու ուղղությամբ:
Քրեակատարողական հիմնարկներում անչափահասների զբաղվածությունը ապահովելու համար, ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տրամադրած տվյալների, ստեղծվել են համապատասխան պայմաններ, որպեսզի անչափահասի ժամանակը ապարդյուն չանցնի և կյանքի կոչվեն պատժի նպատակները: «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ հիմնարկում իրականացվում է խեցեգործության, փայտի գեղարվեստական փորագրության, նկարչության, վիտրաժի դասընթացներ: Պարբերաբար իրականացվում են նաև կրոնական, մշակութային և մարզական միջոցառումներ:
Այս փաստը մի փոքր վիճելի համարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ ասելով, որ սրանք ուղղակի ձևական բնույթ են կրում և իրնեց նպատակին չեն ծառայում. «Այդ ստեղծագործական խմբակը, որպես այդպիսին գոյություն ունի` ծրագրեր կան, բայց դրանք արդյունք չեն տալիս: Իսկ ինչ վերաբերվում է սոցաշխատողներին, հոգեբաններին, ապա ասեմ, որ նրանք իրենց աշխատանքին իմիջայլոց են մոտենում: Փաստն ակնհայտ է դառնում, երբ մենք շփվում ենք անչափահասների հետ, հասկանում ենք, որ նրանց մոտ ընկալելու խնդիր կա, և նկատում ենք, որ ստեղծագործական ոչ մի դրսևորում չի երևում»:
Ըստ փաստաբանի` չկա արձանագրված դեպք, որ անչափահաս պաշտպանյալը մտել է քրեակատարողական հիմնարկ, ինչ-որ գործառույթ իրականացրել, ուղղվել ու դուրս է եկել։
«Ուղղում, որպես այդպիսին, եթե դա վերագրենք ստեղծագործական ակումբների գոյությանը, ծրագրերին և այլն, ապա` չկան»,- մեկնաբանեց Մարինե Ֆարմանյանը:
Փաստաբանը հավելեց, որ եղել են դեպքեր, երբ անչափահասը փոքր հանցանքի համար պատիժը կրելով բանտում՝ շփվելով այլ անչափահասների հետ, ովքեր ծանր հանցանք են կատարել, դառնում է կյանքի հանդեպ չարացած և դուրս գալով՝ ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրվում։
Նոր կարգավորումները՝ որոշ չափով կնպաստեն խնդրի լուծմանը
Քրեական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգի հիմքում փորձ է կատարվում խնդրին լուծում տալ: Ըստ այդմ՝ առաջին անգամ հանցանք կատարած անչափահասը չպետք է դատապարտվի ազատազրկման և իր պատիժը կրի քրեակատարողական հիմնարկում:
Մարինե Ֆարմանյանի համոզմամբ՝ սա շատ դրական փոփոխություն կլինի, որի հիմքում ընկած է պրոբացիան։
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տրամադրած տվյալներով՝ 31.08.2015թվականի դրությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում են թվով 9 անչափահասներ, որոնցից 4-ը կալանավորված անձիք են:
Տարեթիվ | Պահվողների թիվ | Կալանավորվածների թիվ |
2013թ, | 27 անչափահաս | 13 կալանավորված |
2014թ. | 16 անչափահաս | 9 կալանավորված |
Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե անձը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն և դրա համար նշանակված պատժի մեկ քառորդ մասը կրել է, իսկ ծանր հանցագործության դեպքում կրել է նշանակված պատժի մեկ երրորդը:
Այն հարցին, թե 2014-2015 թվականներին եղել է վաղաժամկետ ազատված անչափահաս դատապարտյալ, մեզ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից տեղեկացրին, որ այդպիսի դեպքեր չեն եղել:
Նշենք, որ ՀՀ-ում անչափահասների նկատմամբ չեն կիրառվում ցմահ ազատազրկում:
Ազնիվ Սիրադեղյան