Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` ՀՀ-ում հաշվառված և շահագործվող Մ (մարդատար) և Ն (բեռնատար) ենթախմբերի տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարվող գումարների չափը սահմանված են «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, ըստ որի`
- Մ1` ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ, գանձվում է 2,500 դրամ.
- Մ2` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների (ներքին այրման շարժիչներով ավտոբուսների) համար, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տոննան, գանձվում է 5,000 դրամ.
- Մ3` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների համար (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տոննան, վճարվում է 10,000 դրամ.
- Ն1` բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան, մուծվում է 5,000 դրամ.
- Ն2` բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար գանջվում է 10,000 դրամ.
- Ն3` բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար վճարվում է 15,000 դրամ:
Նշենք նաև, որ վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50,000 դրամ) մինչև հարյուրապատիկի (100,000 դրամ )չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսնապատիկի (150,000 դրամ) չափով: