Նորություններ

Արա Զոհրաբյանի առաջին գրությունը` «պատերազմական նամակ» արդարադատության նախարարությանը

Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահի գործունեությունը սկսեց, ինչպես ինքն է ասում, «պատերազմական նամակով»: Նա ՓՊ նախագահ ընտրվեց նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին, իր պաշտոնը ստանձնեց` հոկտեմբերի 4-ին: Հենց նույն օրը շրջանառության մեջ դրվեցինին փաստաբանների նկատմամբ ֆինանսական բեռի ավելացման երկու օրենքների նախագծեր, ինչին կտրուկ դեմ էր փաստաբանական համայնքը և որի դեմ «պատերազմ» հայտարարեց պալատն իր նախագահով: Պարոն Զոհրաբյանի մեկամյա գործունեությունը այս մի կետով չի սահմանափակվում: Նրա պաշտոնավարման ընթացքում պալատում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն շարունակում են հրատապ մնալ մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձել է Իրավաբան.net-ը:

Ձեր հարցազրույցներում հաճախ եք անդրադարձել մարզերում փաստաբանների վիճակին` շեշտելով, որ այն գոհացուցիչ չէ: Արդյոք խնդրի լուծման բանալին գտե՞լ եք:

Չեմ կարող ասել, որ բանալին գտել եմ, բայց փորձում ենք մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի, մարզերում վիճակն ավելի բարելավենք: Մասնավորապես շատ մարզերում փաստաբանները չունեին նույնիսկ սեփական գրասենյակները, հիմա էլ այդ խնդիրը հրատապ է: Այդ իմաստով արդեն մի քանի պայմանավորվածություններ ունենք, մասնավորապես Արարատի մարզպետի հետ: Հետևյալ տրամաբանությամբ` ասում ենք մեզ տրամադրենք տարածք, մենք ապահովենք փաստաբանների համապատասխան տեխնիկայով, դրա փոխարեն փաստաբանները ամսական առնվազն մեկ անգամ այդ համայնքի բնակչությանը անվճար իրավաբանական օգնություն ցույց կտան: Արարատի մարզում շուտով մեկ գրասենյակ կբացվի, զուգահեռ Արմավիրի մարզում բացվեց գրասենյակ: Ավելին ասեմ` նոր իստիտուտ ներդրվեց` մարզային համակարգող ինստիտուտը, այսինքն` մարզերի փաստաբանները իրենց միջից ընտրում էին մարզային համակարգողի, որը համակարգում է մարզային փաստաբնների խնդիրները և դրանք ներկայացնում պալատին: Բացի այդ, մարզերում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, իսկ ներկայումս հեռավար վերապատրաստման դասընթացների մոդելն ենք ցանկանում ներդնել, որպեսզի մեր գործընկերները կարողանան իրենց գտնվելու վայրից ինտերնետային կապի միջոցով մասնակցեն դասընթացներին:

Այս ընթացքում ի՞նչ հարաբերություններ եք հաստատել միջազգային կառույցների հետ, իսկ ավելի ստույգ` իրականացվե՞լ են համատեղ ծրագրեր արտասահմանյան փաստաբանների կառույցների մասնակցությամբ:

Այո, 2013թ. դեկտեմբերին մենք դարձանք փաստաբանների միջազգային միության անդամ, որի նստավայրը գտնվում է Փարիզում, այդ կառույցին անդամակցում են 200-ից ավելի պետություններ: 2013թ. նոյեմբերին ՀՀ ՓՊ-ի և Փարիզի պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում այս տարի երկու փաստաբանների ուղարկելու ենք Ֆրանսիա` վերապատրաստման դասընթաց անցնելու: Կնքվել են համագործակցության հուշագրեր նաև Բելառուսի, Վրաստանի և Մարսել քաղաքի փաստաբանների պալատների միջև:

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելով` Դուք որոշակի տարաձայնություններ ունեցաք արդարադատության նախարարության հետ: Պալատը խնդրում էր այդ ժամանակվա նախարար Հրայր Թովմասյանին շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Արդյոք այս խնդիրը կարելի՞ է ներկայումս լուծված համարել:

Ես չեմ կարող ասել` դա զուգադիպություն էր, թե՞ մտադրություն, բայց այդ չարաբաստիկ օրենքների նախագծերը շրջանառության մեջ դրվեցին 2013թ. հոկտեմբերի 4-ին` հենց իմ պաշտոնի ստանձման օրը: Իհարկե, ցավոք, իմ առաջին գրությունը եղավ, կարծես թե, պատերազմական նամակ` ուղղված արդարադատության նախարարությանը: Մեր փաստաբանները միահամուռ ոտքի կանգնեցին, և այդ երևույթը դատապարտեցին մի շարք փաստաբանական կառույցներ, այդ թվում` Չեխիայի փաստաբանական կառույցը, Եվորոպայի փաստաբանների պալատների միությունը: Արդյունքում այդ նախագծերը կասեցվեցին, այլևս դրանք ապագա չունեն:

Պալատը նաև իր դժգոհությունը հայտնեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում նախատեսված ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի և այլ դրույթների առնչությամբ: Նշվում էր, որ այս նախագծով փաստաբաններն այլևս անելիք չեն ունենա: Փոխվեց նախարարը` իր թիմով, մոտեցումների փոխություն նկատե՞լ եք:

Այս պահին չեմ կարող ասել, ըստ էության քննարկումները շարունակվում են, ես կարծում եմ` դեռ առիթ ունենալու ենք այդ մասով տեսակետներ ներկայացնենք: Շատ պարզ հարց է, այնքանով, որ դեպոնացումը ապացույցների ապահովման միջոց է: Օրինակի համար, եթե մի հանցագործություն է տեղի ունեցել և արտասահմանցի քաղաքացին Հայաստանում է, ականատես է եղել դեպքին, բայց նա պետք է վերադառնա իր երկիր: Բնականաբար անհրաժեշտություն է առաջանում, այդ անձի ցուցմունքը դեպոնացնել, որպեսզի հետագայում օգտագործվի: Այս դեպքում մենք խնդիր չենք տեսնում: Եթե մեղադրյալը կա, և գտնվում է ձեր տրամադրության տակ, ապա կարիք չկա մեղադրանքը դեպոնացնել:

Մոտակա ապագայում հնարավո՞ր է օրենսդրական շոշափելի բարեփոխում իրականացվի:

Չեմ կարող ասել, առավել ևս, որ ներկայումս էլ մենք «Փաստաբանության մասին» օրենքի նախագծի վրա ենք աշխատում:

Արդյոք այսօր կարելի՞ է ասել, որ փաստաբանության համայնքի ամբողջ պոտենցիալը ներգրավված է Փաստաբանական պալատի կողմից իրականացվող գործունեության մեջ: Եթե ոչ, ապա ի՞նչ եք նախատեսում ձեռնարկել այս ուղղությամբ:

Կարող եմ վստահորեն ասել` ոչ, որովհետև ունենք բազմաթիվ փաստաբաններ, որոնք դեռևս չեն ներգրավվել մեր պալատի ակտիվ կյանքում: Ուստի ես կարծում եմ` դա պալատի խնդիրն է, պալատը պետք է ունենա այդ վստահությունը, այն պետք է ժամանակի ընթացքում ուղղակի վաստակել, և որոշ ժամանակ հետո, իհարկե, կարծում եմ` դա կաշխատի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել