Բարեփոխում քաղաքաշինության ոլորտում

Գեղարքունիքի մարզի ՇՊԱԿ-ի կողմից իրականացվեց բարեփոխում` քաղաքաշինության ոլորտում:
ՇՊԱԿ-ի կատարած հետազոտությունների և դիտարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ բնակիչներն ու գործարար համայնքը բավարար տեղեկացված չեն շինարարական մեծ նախագծերի ժամկետների, բյուջեների, դրսևորումների վերաբերյալ: Մասնավորապես, նրանք տեղեկացված չեն, թե ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները, ինչ ժամկետներում (երբ է ավարտվելու այն), արդյո՞ք նպատակային է օգտագործվում գումարը, որը նախատեսված է տվյալ շինարարության համար, և արդյո՞ք փոխհամաձայնեցված են մնում պետության, հասարակության և կոնկրետ քաղաքացիների շահերը նախագծերի և ծրագրերի հաստատումից հետո` մինչև դրանց ավարտը և շահագործման հանձնելը:
Կարևորելով քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակության մասնակցությունը և տեղեկացված լինելու իրավունքը` ՇՊԱԿ-ը ՀՀ վարչապետին առաջարկել է սահմանել կարգ, որը թույլ կտա հասարակությանը լինել լիովին իրազեկ և ունենալ մասնակցություն քաղաքաշինական գործունեության իրականացման ամբողջ ընթացքում` ընդհուպ մինչև շինարարության ավարտը:
ՇՊԱԿ-ի կողմից առաջարկվել է ստեղծել այնպիսի իրավական նորմ, ըստ որի` ճանապարհաշինական կամ քաղաքաշինական աշխատանքների համար պատասխանատու մարմինը կպարտավորվի տեղադրել (և մինչև շինարարական աշխատանքների ավարտը ապահովել դրա առկայությունը) տեղեկատվական ցուցանակ` շինարարական հրապարակին կից ակնբախ վայրում, որում պարտադիր կերպով գրառված կլինեն ծրագրվող քաղաքաշինական կամ այլ շինարարական փոփոխությունները, համապատասխան շինարարական աշխատանքների սկզբի ու ավարտի ժամկետները, կատարվող աշխատանքների ընդհանուր արժեքը, ինչպես նաև այն մասին, թե ու՞մ կողմից են կատարվում այդ աշխատանքները, և ի՞նչ է կառուցվում:
Ի պատասխան նշված առաջարկի` ՇՊԱԿ-ի աշխատակիցները հրավիրվեցին ՀՀ Քաղաքաշինության նախարարություն` քննարկելու ներկայացված բարեփոխման առաջարկը: Քննարկումն անցկացնում էր փոխնախարարը, մասնակցում էին տարբեր վարչությունների, նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Քննարկման արդյունքում ՇՊԱԿ-ի առաջարկն հավանության արժանացավ, և արդեն ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից կատարվել են համապատասխան լրացումներ ՀՀ Քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված շինարարական նորմերում:
Մեջբերում հրամանից` <<մինչև շինարարություն սկսելը`հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ առավել տեսանելի տեղամասում տեղադրում է հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի /այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային/ միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն` պահպանելով վահանակը մինչև ավարտված շինարարության փաստագրումը>>:
Կատարված բարեփոխման արդյունքում`
–    կբարձրանա բնակիչների և կազմակերպությունների տեղեկացվածությունը շրջակա միջավայրում ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ,
–    կմեծանա պետական և համայնքային միջոցների օգտագործման թափանցիկությունը,
–    կբարձրանա պատվիրատուների ու կապալառուների պատասխանատվությունը` աշխատանքները ժամանակին ավարտելու կապակցությամբ:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել