Գենդերային հավասարությու՜՜՜՜ն…

Վերջին տարիներին ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը:

Գենդեր ասելով հասկանում ենք հասարակությունում անձի վարքագիծը բնորոշող սոցիալական սեռը, այն վերաբերմունքը, զգացմունքները, վարքագիծը, որոնք տվյալ հասարակությունն ասոցացում է կոնկրետ անձի հետ՝ կախված նրա սեռից:

Այս համատեքստում ամենից շահարկվողը գենդերային անհավասարության հարցն է և գենդերային հավասարություն հաստատելու մղումը:

Գենդերային անհավասարությունը անհավասարության տեսակ է, երբ տարբեր անձինք, սոցիալական խմբեր , շերտեր , դասեր գտնվում են սոցիալական հիերարխիայի տարբեր աստիճաններին և օժտված են պահանջմունքների բավարարման անհավասար կենսական պայմաններով և հնարավորություններով:

Կնոջ և տղամարդու սոցիալական դերը հասարակությունում, անկախ մեր կամքից, պայմանավորված է բնության կողմից նրանց վերապահված դերով:

Այն, որ կինը և տղամարդը պետք է ունենան հավասար իրավունքներ, անժխտելի փաստ է: Եվ դա չպետք է պայմանավորել նրանց սոցիալական հավասարության անհրաժեշտությամբ, այլ այն պարզ ճշմարտությամբ, որ կինն էլ, տղամարդն էլ մարդ են: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածի համաձայն՝ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն»:

Նույն հռչակագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որեւէ այլ կարգավիճակի վրա»: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»:

Ի վերջո, նույն հռչակագրի 7-րդ հոդվածն ամրագրում է, որ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ, առանց որեւէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվելու իրավունք: Բոլորը ունեն հավասար պաշտպանության իրավունք` ընդդեմ ցանկացած խտրականության, որով խախտվում է այս Հռչակագիրը, եւ ընդդեմ նման խտրականության մղող ցանկացած սադրանքի»:

Բոլորը հավասար են օրենքի առջեւ, առանց որեւէ խտրականության. սա նշանակում է, որ և կինը, և տղամարդը ունեն աշխատելու իրավունք, աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունք, ունեն հասարակական գործունեությանը ներգրավվելու, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք և մնացած բոլոր իրավունքները:

Ունեն իրավունք… և եթե որևէ մեկը խոչընդոտի այդ իրավունքի իրականացմանը կամ խախտի այդ իրավունքը, նա պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ թե ԿՆՈՋ իրավունքը խախտելու համար, այլ ՄԵԿ ԱՅԼ ԱՆՁԻ իրավունքը խախտելու համար:

Ունի իրավունք… Իրավունքն իրական է դրա իրականացման հնարավորության առկայության դեպքում միայն… հնարավորություններ, որոնք պետք է լինեն ոչ միայն օրենսդրորեն ամրագրված, այլ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող:

Իսկ արդյո՞ք օբյեկտիվ իրականությունը տալիս է կնոջը բոլոր հնարավորությունները իրականացնելու իր իրավունքները: Եթե ցանկացած անձի հարցնենք՝ որն է կնոջ առաքելությունը, կպատասխանի՝ մայրանալը, մարդկային սերնդի շարունակականության ապահովումը: Իսկ մի՞թե այդ առաքելությունը չի խոչընդոտում կանանց իրականացնել իրենց՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:

Մարդկային սերնդի շարունակականության ապահովումը ենթադրում է ոչ միայն երեխա ծնելու, այլ նաև այդ երեխայի մասին հոգ տանելու, նրան խնամելու ու դաստիարակելու պարտականությունը:

Այստեղ առաջ է գալիս մյուս հարցը. մի՞թե կինը, ով ցանկանում է լինել մայր, խնամել իր զավակին, ամեն կերպ հոգ տանել նրա մասին ու դաստիարակել նրան, կարող է նաև կատարել այնպիսի աշխատանք, որոնք ցուցված չեն կանանց, լինել նաև ակտիվ քաղաքական, հասարակական գործիչ: Կարծում եմ, քչերը առանց մտածելու կպատասխանեն՝ այո:

Եթե օբյեկտիվորեն նայենք իրականությանը, պետք է ընդունենք, որ բնության կողմից կնոջ վրա դրված պարտականություն-առաքելությունն է, որ հնարավորություն չի տալիս նրան լինել սոցիալապես հավասար տղամարդուն: Հետևաբար օրենսդրորեն կանանց արտոնություններով օժտելով չէ, որ կինը հնարավորություն կունենա ներգրավվել օրեսդրական աշխատանքին կամ քաղաքականությանն ընդհանրապես, ապահովել կնոջ հասարակական ակտիվությունը: Եվ եթե կինը կամենում է, զոհելով ի վերուստ իրեն վերապահված իրավունք-պարտականություն-առաքելության որոշակի տարրեր, լինել սոցիալապես հավասար տղամարդուն, ապա մեր իրականությունում մշտապես պետք է գործի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հետևյալ դրույթը՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Կինն էլ, ինչպես բոլոր մարդիկ, ազատ է ընտրելու իր աշխատանքի ու գործունեության ոլորտը, որոշելու իր հասարակական ակտիվության աստիճանը, լինելու հավասար…

Կնոջը պետք է գնահատել, սիրել, հարգել, թեթևացնել նրա հոգսը, զիջել նրան հասարակական տրանսպորտում, բացել նրա առջև դուռը… իսկ տղամարդուն սոցիալապես հավասար լինելու իրավունքի իրականացման անհրաժեշտության ու չափի հարցում կկողմնորոշվի ինքը՝ ԿԻՆԸ:

Հանրային թղթակից՝ Արփինե Եղիկյան

Աղբյուրը՝ Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել