Հիմնադրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան ՀԿ-ների դաշինքը

Այսօր՝ մարտի 6-ին, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան կազմակերպությունների առաջին հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան չորս հասարակական կազմակերպությունները՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրեցին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը:

Նորաստեղծ դաշինքի հիմնադիր անդամները նպատակ ունեն արդիական և նշանակալի կարևորություն ունեցող բազմաբնույթ հիմնահարցերի շուրջ իրենց դիրքորոշումը բարձրաձայնել ՄԱԿ-ի շրջանակներում և ոչ միայն, ինչպես նաև քայլեր ձեռնարկել օրակարգային հիմնահարցերի ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների ներքո` օգտագործելով ժողովրդական դիվանագիտության կառուցակարգերը:

Դաշինքին կարող են միանալ միայն հայաստանյան այն հասարակական կազմակերպությունները, որոնք հետագայում կստանան ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ:

Դաշինքի անդամները նաև ընդունեցին առաջին համատեղ հայտարարությունը՝ հայտնելով իրենց մտահոգությունը ՀՀ Կառավարության կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության դրույթներին և սկզբունքներին անհամապատասխանության վերաբերյալ:

Հավելենք նաև, որ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը (հիմնադրված 1946թ., ՄԱԿ-ի կանոնադրությամբ) համարվում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարցերով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացման հարցով համակարգման, քաղաքականության վերանայման, երկխոսության և խորհրդատվական գլխավոր մարմինը ՄԱԿ-ի կառուցվածքում: Հայաստանի Հանրապետությունը 2013թ.-ի նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 58-րդ նստաշրջանում երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել