Հանձնաժողովը չի կարող ընտրել կոնվենցիային բավարարող դատավորի թեկնածու. Վահե Գրիգորյան

ՄԻԵԴ-ում Հայաստանը  ներկայացնող դատավորի ընտրության մրցույթի մասնակից, փաստաբան Վահե Գրիգորյանը հարցազրույցի փուլից հետո հայտնեց, որ խտրական վերաբերմունք չի նկատել իր հանդեպ, թեեև որոշակի մտահոգություններ ունի, որոնց մասին այդ պահին նպատակահարմար չհամարեց խոսել:

Անդրադառնալով հանձնաժողովի կողմից թեկնածու ընտրելու հարցերին, Վահե Գրիգորյանը նշեց, որ այս դեպքում կա համակարգային խնդիր` գնահատման համակարգը թույլ չի տալիս հանձնաժողովին ընտրել Եվրակոնվենցիայի 24-րդ հոդվածով սահմանված չափանիշներին բավարարող թեկնածու. «Բայց սա ոչ թե մրցութային հանձնաժողովի խնդիրն է, այլ, ըստ էության, մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորող հրամանագրի խնդիրը»:

Ինչ վերաբերում է մրցույթի թափանցիկության առումով որոշակի սահմանփակումներին, մասնավորապես այն, որ դիտորդական կազմակերպությանը հրաժարվել էին թեկնածուների վերաբերյալ փաստաթղթեր տրամադրել, Վահե Գրիգորյանը նշեց, որ դա որևէ հիմնավորում չունի. «Շատ կարևոր է այն փաստը, որ այսպիսի մրցույթի լեգիտիմությունը, թափանցիկությունն ու արդարությունն ուղղակիորեն ազդում են ՄԻԵԴ հեղինակության վրա»:

Իսկ հարցազրույցի ժամանակ նա իր պատասխաներից մեկում ասաց, որ Հայաստանում անկախությունից ի վեր ժողովրդավարության հետընթաց է համարում ընտրություններից հետո ընտրություններին չմասնակցած մարդկանց ցուցակները  չհրապարակելը։ Իսկ անարդարության դասական դրսևորում համարում Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցապատման ընթացքում մարդկանց իրենց տներից վտարելու ապօրինի գործողություններն ու դատավարության ընթացքում արված խախտումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել