Մայիսի 5-ին ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի ունեցավ «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսի բացումը:
Մամուլի ազատության համաշխարհային օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն չորրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։
Ֆոտոցուցահանդեսին լուսանկարներ էին ներկայացրել նաև Իրավաբան.net կայքի աշխատակիցներ Լևոն Կիրակոսյանն ու Զաքար Իսկանդարյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փոխանցմամբ` ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում:
«Մամուլի ազատության 21-րդ տարեդարձի առիթով ԵՄ-ն վերստին հաստատում է, որ ազատ, բազմակարծ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, որը խթանում է տեղեկատվության և մտքերի ազատ տարածումն ու ապահովում անկախություն և հաշվետվողականություն»,- իր ելույթում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
«Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները շատ ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ: Կան նաև լուսանկարներ, որոնք արտահայտում են քաղաքացիական հասարակության պայքարն իրենց իրավունքների համար»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն իր խոսքում նշեց. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում ականատես լինել միջոցառման անցկացմանն ու մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը»:
Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում: