Կոռուպցիայի դեմ պայքարելու համար համախմբվելու են

Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն իշխանությունների, այլ նաև հասարակության խնդիրն է: Պետք է միավորել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներուժը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ սկսվում է քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնմամբ. հիմնականում քաղաքացիական հասարակության կազմակերպված խմբերը փորձում են իրենց ձայնը հասցնել իշխանություններին»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան գործընկեր կազմակերպության` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ Եվրոմիության ֆինանսավորմամբ սկսել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը: Մարզերում ծրագրի մասին իրազեկելուց հետո` հերթը մայրաքաղաքինն է:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հակակոռուպցիոն ուսուցումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների համար, ապա ուսուցումն անցածներին տրամադրել փոքր դրամաշնորհներ մոնիթորինգի, լրագրողական հետաքննական ծրագրերի իրականացման համար, ստեղծել հակակոռուպցիոն կոալիցիա, մոտեցնել Կառավարության և ՔՀԿ-ների տեսակետները` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ապօրինի հարստացման քրեականացման հարցերի վերաբերյալ:
«Եվրոմիությունը մեծապես ողջունում է այն փաստը, որ քաղհասարակությունը և ԶԼՄ-ները շատ ավելի ջանքեր են ներդնում կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ինչպես ազգային այնպես էլ տարածքային մակարդակներում»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դագնա Լեվանդովսկան:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով այս ծրագիրով անիրականալի նպատակներ չեն դնելու իրենց առջև. սրանով հնարավոր չէ Հայաստանից վերացնել կոռուպցիան ամբողջությամբ, սակայն պարտադիր է Կառավարությանը հասցնել քաղաքացիական հասարակության տեսակետն ու քննարկման առարկա դարձնել:

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ