Արտասահմանցի իրավաբան-փորձագետը գոհ է հայ իրավաբանների մասնագիտական որակից

Մայիսի 2-3 Երևանում անցկացվեց սեմինար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ: Երկօրյա սեմինարը կազմակերպել էին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
Iravaban.net-ը զրուցել է IRZ-ի (Միջազգային իրավական համագործակցություն) կազմակերպած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ սեմինարի իրավաբան- փորձագետ Միրիանա Վիսենտինի հետ:

-Ինչպե˚ս եք պատկերացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության ծանաբեռվածության խնդրի լուծումը:
– Նման խնդիր գոյություն ունի, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշակի քայլեր է ձեռնարկում, որպեսզի կարողանա խնդրին լուծում տալ: Այս նպատակով ՄԻԵԴ-ը այսպիսի մի դիրքորոշում ունի` կասեցնել համանման բնույթ ունեցող գործերը, եթե դրանք վերաբերում են քիչ թե շատ նույն խնդրին և դրանց վերաբերյալ միասնական մի առաջարկ ուղարկել համապատասխան երկիր, որտեղից գործերը եկել են, որպեսզի երկրի կառավարությունը հնարավություն ստանա համակարգային լուծում գտնելու: Եթե նման հարցերը հաճախ կրկնվում են, նշանակում է համակարգային որևէ բացթողում կա:
Նշեմ, որ Եվրոդատարանը հանդես է գալիս որոշակի իրավախախտումների գնահատմամբ և փորձում տեսնել թե պատասխանող երկիրն ինչպիսի հնարավոր` այլընտրանքային լուծում կարող է գտնել նման իրավախախտումները հետագայում կանխարգելու համար: Օրինակ, եթե խնդիրը կապված է անհամաչափ միջոցների կիրառման հետ, այստեղ ակնկալվում է, որ երկիրը կմշակի այնպիսի մեխանիզմ կամ այլընտրանքային լուծում, որը կկրճատի նման գործերի ծագումն այդ չափով և ծավալով:
Եվս մի միտում կա ոչ միայն Եվրոպական դատարանի շրջանակներում, այլև ընդհանրապես Եվրոխորհուրդի: Նախատեսվում է, որ միջազգային կառույցները, կազմակերպությունները, ինչպես նաև փորձագետները պետք է սերտորեն համագործակցեն տվյալ երկրի համապատասխան մասնագետների հետ, որպեսզի համատեղ մշակվեն բարեփոխիչ միջոցներ: Օրինակ, հենց IRZ-ի առկայությունը Հայաստանում այդպիսի մի համագործակցության դրսևորում է, որի միջոցով մենք հույս ունենք նման ընդհանուր լուծումներ կարելի է գտնել և թեթևացնել նման ծավալի գործերի քանակը:
Ուզում եմ նշել` բավականին մեծ քայլեր են ձեռնարկվում, որ Եվրոպական դատարանի կայացրած որոշումները թարգմանվեն և հասանելի լինեն անգլերեն լեզվով: Բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում նաև Հայաստանին հասու դառնան այդ որոշումները: Դրա միջոցով, ըստ երևույթի, կլուծվեն մի շարք գործերի մերժված լինելու հարցերը, քանի որ դա կլինի փորձին ծանոթանալու և լրացուցիչ գիտելիք ձեռք բերելու միջոց, բայց, իհարկե, պետք է խոստովանեմ, որ դեպի հայերեն թարգմանելու աշխատաքները դեռ այն ծավալի չեն, որքան կուզենայինք տեսնել:
– Ի˚նչ խորհուրդ կտաք հայ փաստաբաններին, ովքեր պատրաստվում են գանգատներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
– Նախևառաջ փաստաբանները պետք է համագործակցեն միմյանց հետ: Նկատի ունեմ ոչ միայն ազգային, այլև միջազգային հարթության համագործակցությունը: Այս ձևաչափում նրանք կկարողանան իրենց գիտելիքները փոխանակել, ավելի լավ պատկերացում կազմել շատ հարցերի վերաբերյալ, որոնք հնարավորություն կտան ավելի ճիշտ դիմել ՄԻԵԴ-ին և, դրա հետ մեկտեղ, երբ ես ասում են համակարգում և կոորդինացում, նկատի ունեմ այն, որ առանձին փաստաբաններ շատ լավ մասնագիտացած լինեն այս կամ այն խնդիր լուծման վերաբերյալ: Երբ մենք քննում ենք ՄԻԵԴ-ի գործերի տեսականին, տեսնում ենք, որ երկու-երեք ոլորտի խախտումներ կան, որ մեծ մասամբ ընդունվում են դատարանի քննության համար: Հենց այստեղ է, որ ծագում է փաստաբանների ավելի ընդգրկուն տեսլականի մշակման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք թռիչքային որոշումների հիման վրա (մի քանի համանման գործերի վերաբերյալ մի որոշում կայացնել, կասեցնել կամ պահանջել արձագանք) կարողանան նաև այդ ոլորտում իրենց մասնագիտական հմտությունները պատշաճ ձևով դրսևորել:
Փաստաբանները, երբ փորձում են մասնագիտանալ և բարելավվել իրենց կարողությունները ՄԻԵԴ-ին դիմելու ընթացքում, իրենց հիմնական ուշադրությունը պետք է սևեռեն ոչ միայն սեփական մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, այլև տվյալ երկրում ժողովրդավարության առավելագույնս հաստատելու և այդ արժեքներն ավելի շատ խթանելու վրա: Նրանք պետք է ավելի սերտորեն համագործակցեն մյուս փաստաբանների, հասարակական կազմակերպությունների, հասարակության ներկայացուցիչների հետ: Եվ, երբ ինչ- որ որոշում են ստանում ՄԻԵԴ –ից կամ ներկայացնում ՄԻԵԴ, այնպես չստացվի, որ միայն նրանց շրջանակում պտտվիի, այլ լայնորեն տարածվի հասարակության մեջ:
– Ինչպիսի˚ն է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ երկօրյա սեմինարից ստացած Ձեր տպավորությունները:
– Պետք է խոստովանեմ` մեզ համար իսկապես անսպասել էր փաստաբանների այն մակարդակը, որոնց հետ մենք հանդիպեցինք: Մենք գործ ունեինք բավականաչափ բարձր մասնագիտական մակարդակ ունեցող իրավաբանների հետ, ինչպես նաև լսեցինք շատ հստակ ձևակերպված, բովանդակային և կարևոր հարցեր: Մենք ի սկզբանե մտածում էինք, որ Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ հանդիպելիս հնարավոր է Մարդու իրավուքների եվրոպական դատարան դիմելու և դրա հետ առնչվող գործընթացների վերաբերյալ տարրական սկզբունքներն առաջադրել, բայց հետո մենք ինքներս ստիպված եղանք վերաձևակերպել, փոփոխել մեր ծրագիրը և տարրականից անցնել շատ խորացված, ավելի բարդ խնդիրների քննարկմանը, քանի որ այդ պահանջն էր ենթադրում իրավաբանների մակարդակը:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել