Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը և վերջինիս միջազգային գործընկեր՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ACCESS) հասարակական կազմակերպությունը (Ստրասբուրգ, Ֆրանսիա) «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքները» խորագրով երկօրյա համաժողով են անցկացնում:
Այն կազմակերպվել է հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից՝ Ժողովրդավարության և Մարդու իրավունքների Եվրոպական գործիքի միջոցով (EIDHR):
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Եվրամիության դեսպան, Եվրամիության պատվիրակության ղեկավար՝ պարոն Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև Սոցիալական իրավունքների Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդի ներկայացուցիչները:
Կոնֆերանսի շրջանակներում ելույթ ունեցավ նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը, ով ներկայացրեց հասարակական կազմակերպությունների կանոնադրություններում պարտադիր կատարվող փոփոխությունների ու դրանց նրբությունների մասին:
Մարատ Ատովմյանը նաև ներկայացրեց Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակը 9 թիրախային ոլորտում գործող քաղհասարակության կազմակերպությունների և կոալիցիաների կարողությունների զարգացումն է։
Միջոցառմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի եվրոպական և հայաստանյան փորձագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: Սրահում գտնվողները հնարավորություն ստացան իրենց հարցերը հղել հյուրերին:
Համաժողովի ժամանակ ներկայացվեցին 2017 թ. մայիսին Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության խորքային ուսումնասիրություն իրականացրած եվրոպական և հայաստանյան փորձագետների վերլուծության արդյունքները, առաջարկները և կոնկրետ գործողությունները, որոնք պետական մարմինների ներկայացուցիչները կօգտագործեն՝ բարելավելու իրավական դաշտը և աջակցող մեխանիզմները: