Հանրայինի և մասնավորի ներկայացուցիչները քննարկում են ՏՏ ոլորտի խնդիրները․ տեղի ունեցավ State&Tech bridge միջոցառումը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը մասնակցել են «State&Tech Bridge» միջոցառմանը և ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի ռազմավարական ուղղությունները՝ օրենսդրական բարեփոխումները, միջազգային համագործակցության նախաձեռնությունները, ինչպես նաև ոլորտի աջակցության գործող ծրագրերի արդյունքները՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության և պետություն-մասնավոր համագործակցության կարևորությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր «STEP CONSULTING»-ի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ և շարունակական երկխոսություն տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և գործադիր իշխանության մարմինների միջև։

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին՝ կարևորելով նման ձևաչափով միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական քաղաքականության մշակման գործընթացում՝ մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից։ Իր խոսքում Սիմոնյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախարարության ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն՝ ընդգծելով շուկայի համապարփակ ուսումնասիրության, արդյունավետ լուծումների առաջարկման և զարգացման առաջնահերթությունների սահմանման կարևորությունը։ Նա ներկայացրել է նախարարության կողմից արդեն ընդունված և ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումների փաթեթները, որոնք ուղղված են գիտահետազոտական գործունեության (R&D) խթանմանը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ներգրավմանը հայկական շուկա, ինչպես նաև այդ նպատակով նախատեսված ծրագրերի ու նախաձեռնությունների ընդլայնմանը։ Այս համատեքստում ներկայացվել է «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի երկարաժամկետ գործունեության իրականացման վերաբերյալ մանրամասներ:

Նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է վերջերս ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջեւ՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ի համար՝ ապահովելով հասանելիություն առաջատար տեխնոլոգիաներին: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտի աջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքներն՝ անդրադառնալով օրենսդրական նորություններին, մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության մասին» օրենքին և հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ օրենքում առանձնացվում են երեք հիմնական բաղադրիչներ՝ նոր աշխատակիցների ներգրավում, աշխատանքային միգրանտների ներգրավում և վերապատրաստում։

Առաջին եռամսյակի արդյունքներով ստացվել է 463 դիմում, որոնցից բավարարվել է 206 ընկերության հայտ, իսկ ընդհանուր տրամադրված գումարը կազմել է 2 միլիարդ 65 միլիոն դրամ։ Իր խոսքում Սիմոնյանն անդրադարձել է երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման կարևորությանն՝ առանձնացնելով արհեստական բանականության և թվայնացման գործընթացների արդյունավետ իրականացումն ու կառավարման արդիական մոդելների ներդրումը։ Նա շեշտել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կայուն զարգացման և մրցունակության ապահովման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության հետ ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին:

Քննարկման հիմնական թեմաներն էին հարկային արտոնությունների տրամադրումը, խթանող ծրագրերի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցել են առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ DataArt Armenia, Siemens, Adobe, Nvidia, Sperasoft Armenia, Quantori,Volo և այլ կազմակերպություններ։

Միջոցառմա շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև «STEP CONSULTING»-ի հիմնադիր Սերգեյ Մուրադյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև մի շարք այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ «State&Tech Bridge» միջոցառումը հարթակ էր պետական և մասնավոր հատվածի միջև համագործակցության խորացման, տեխնոլոգիական ոլորտի զարգացման խթանման և քաղաքականության ձևավորման գործընթացում ոլորտի ձայնը լսելի դարձնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել