Նորություններ

«Բոլոր նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել, եթե ունենանք հզոր քաղաքացիական հասարակություն»

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում շարունակվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացները՝ ՔՀԿ-ների համար:

Հերթական դասընթացը տեղի ունեցավ Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզի ՀԿ-ների համար, այն տեղի ունեցավ մարզպետարանի շենքում: Դասընթացը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Մինչ դասընթացի բուն թեմային անցնելը Կարեն Զադոյանը և ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդես եկան բացման խոսքով: Կարեն Զադոյանը ներկայացրեց նոր ծրագիրը՝ խոսելով ոլորտներից և նպատակներից: Նա նաև տեղեկացրեց, որ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրամաշնորհների տրամադրում. «Բավականին լուրջ ֆինանսական բաղադրիչ կա՝ հասարակական կազմակերպությունների զարգացման համար: Մեր մոտ կարևորագույն մասն է հանդիսանում դրամաշնորհային բաղադրիչը, նախատեսված է 870 եվրո գումար դրամաշնորհների գումար»:

Նա նաև շեշտեց. «Բոլոր բարեփոխումները կարող ենք կյանքի կոչել, եթե ունենանք հզոր քաղաքացիական հասարակություն։ Եկել է ժամանակը, որ քննադատելուց բացի ՀԿ-ները նաև իրենց կարողությունների ներածին չափով ներդնեն վեր հանված խնդիրները լուծելու համար։ Մեր կազմակերպությունը այն ՀԿ-ներից է, որը ոչ միայն խնդիրներն է տեսնում ու քննադատում, այլ համապատասխան փորձագիտական ներուժ տրամադրում՝ հանարային քաղաքականությունների փոփոխությունների կատարման նպատակով»:

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում, հատկապես Տավուշի մարզում: Մարզպետի տեղակալը հիշեց, որ ԻՀԱ-ն շուրջ 15 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ուղղությամբ. «Կան շատ լծակներ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է իր ձեռքում պահել հօգուտ մեր ժողովրդի և հասարակության: Մենք հուսով ենք, որ ԻՀԱ-ն կշարունակի ակտիվ աշխատանքները այստեղ»,- ընդգծեց նա:

Այնուհետև Կարեն Զադոյանը խոսեց ՀԿ-ների մասին նոր օրենքից՝ ներկայացնելով իրավական ակտում առկա ռիսկերն ու նորամուծությունները: Նա առաջարկեց բոլոր այն ՀԿ-ներին ում կանոնադրությունները հակասում են ՀԿ-ների մասին նոր օրենքին, փոփոխել սեփական կանոնադրությունները:

Կարեն Զադոյանը շեշտեց՝ ՀԿ-ների մասին նոր օրենքը դրական լուծումներ պարունակում է, սակայն դրանց մասին պետք է տեղեկանալ ու կատարել օրենքի պահանջները:

Տավուշի մարզում քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես երիտասարդները բավականին ակտիվ չեն։ Այս մասին բարձրայնում են տեղական հասարակական կազմակերպությունների անդամները։

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչ Էմիլիա Ոսկանյանն ասում է, որ իրենք փորձում են զարգացնել մարզում կամավորության ինստիտուտը։ Նրա խոսքերով՝ հասարակական կազմակերպությունների կարողությունների խորացման պահանջ կա հատկապես այս մարզում։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հեղինե Թումանյանի խոսքերով՝ երիտասարդները ներկայումս պասիվ են քաղաքական կյանքում․ «Դեռևս հասարակական կյանքում մեր մարզում չկա ակտիվություն երիտասարդների կողմից։ Քաղաքական դաշտում հատկապես շատ չի ակտիվությունը»,- հայտնեց նա։ Նույն կազմակերպության անդամ Թագուհի Սարհադյանը հակառակ կարծիքին է, ասում է՝ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում․ «Երիտասարդները հատկապես ակտիվություն են դրսևորում տարբեր ծրագրերի շրջանակներում գործող փոքր կազմակերպությունների կազմում»,- ասաց նա։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում նախատեսված է կազմակերպությունների կարողությունների ուժեղացում։ Մեր զրուցակիցները վստահեցրեցին, որ Տավուշի մարզում ծրագիրը կարող է հեղափոխական ազդեցություն ունենալ։

Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել