Պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ներդրնելու ուղղությամբ կառավարությունը կատարել է առաջին «կիսաքայլը»։ Այսօր Իրավաբան.net կայքի լրագրողի հարցին պատասխանելով՝ ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը, ըստ նրա՝ այս ոլորտում կառավարությունը դեռևս բովանդակային մասով մեծ հաջողություններ չի արձանագրել․ անելիքներ շատ կան․ «Պրոբացիոն ծառայությունում կա և՛ կադրերի պակաս, և՛ իմ տպավորությունն այն է, որ մենք դեռևս չենք ստեղծել այն հենքը, որը ապահովում է խնդիրների կատարումը։ Այսինքն՝ մենք ունենք օրենսդրական խնդիրներ այստեղ, մենք ունենք ենթաօրենսդրական և կրթական խնդիրներ»,- շեշտեց պարոն Հարությունյանը։
Այս բոլոր խնդիրների լուծմանը միտված քայլերը շուտով ակներև կլինեն․ խոստանում է նախարարը․ «Արդարադատության ոլորտը շատ արագ բարեփոխել երբևէ հնարավոր չէ, նկատի ունեմ ԱՆ-ի ներոք գտնվող բոլոր հարցերը, կարևոր է ունենալ հստակ ծրագիր, ներկայացնել հանրությանը և ունենալ հստակ ժամկետներ»,- շեշտեց պարոն Հարությունյանը։
Մեզ հետ զրույցում պարոն Հարությունյանը նաև անդրադարձավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, որը տևական ժամանակ գտնվում է Ազգային ժողովում և օրակարգ չի մտնում, նախարարն ասաց․ «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, կարծում եմ, գտնվում է իր վերջնական փուլում և շատ շուտով այն կդառնա մասնագիտական քննարկում Ազգային ժողովում»։
Այսօր նախարարը նաև անդրադարձավ գերատեսչությունում կադրային փոփոխություններին՝ նշելով, որ նախարարությունում համալրված է բարձր պատասխանատվություն ունեցող կադրերով, սակայն սրա վրա կանգ չեն առնի․ «Մենք դնելու ենք նոր խնդիրներ նախարարության աշխատակազմի առջև, և վստահ եմ, որ ովքեր կիսում են այդ խնդիրները, նրանք կպահպանեն իրենց աշխատանքը»,- նշեց նախարարը։
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան