ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Վերջին դասի» օրը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում ավարտվում են 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Այսպիսով, դպրոցներում «Վերջին դասը», դպրոցների մեծ մասում, տեղի կունենա մայիսի 23-ին, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Ավելի վաղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում:

Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն:

Միաժամանակ, շրջաբերական գրության մեջ շեշտվում է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքը:

«Վերջին դասի» միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին։

Պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-600 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել