Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված սննդամթերքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:

Սննդամթերքի արտադրության և դրանք շրջանառող սննդի օպերատորը լիազոր մարմնի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ կազմակերպում է միջոցառումներ իր առաքած սննդամթերքի հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ:

Հարկ է իմանալ, որ մանրածախ առևտրի կամ իրացման ոլորտներում գործունեություն իրականացնող սննդի օպերատորը կազմակերպում և իրականացնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչման գործընթացը և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ, ինչպես նաև տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն սննդամթերքի հետագծելիության վերաբերյալ:

Եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած ապրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես սկսում է այդ սննդամթերքի` շուկայից հետկանչման գործընթացը` կատարելով հետևյալը`

1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին:

Եթե վտանգավոր սննդամթերքը հասել է սպառողին, ապա սննդի օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին` նախազգուշացնելով սպառողներին վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի ներկայացրած ռիսկերի մասին և, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված ապրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:

Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը իրացվել են սպառողներին, ապա սննդի օպերատորը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել նրանց պահանջները:

Կարոր է նշել, որ վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը պարտավոր է սկսել հետկանչման գործընթացն ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը տնօրինողի միջոցների հաշվին:

Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար: Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, վերաարտահանումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը, վտանգի աղբյուրի վերացումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել