Այսօր արադարադատության նախարարությունում անցկացվեց նոտարների թեկնածուների որակավորման քննության երկրորդ փուլը: Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները նոտար դառնալու համար պետք է հաղթահարեն նաև խնդիրների փուլը:
Մինչ քննության սկսվելը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ողջունեց առաջին փուլը հաղթահարած թեկնածուներին և հաջողություն մաղթեց:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Որակավորման հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նոտարների թեկնածուների որակավորման կարգը հաստատված է կառավարության որոշմամբ: Այսօր անցկացված՝ երկրորդ փուլում թեկնածուներին տրվում է 4 ժամ՝ տասը խնդիր լուծելու համար: Յուրաքանչյուր խնդրի համար նախատեսվում է տասը միավոր: Եվ եթե կան սխալներ՝ խնդրի լուծման մեջ, ապա միավորներ են հանվում:
Որակավորման քննության առաջին փուլին մասնակցել է 39 հոգի և միայն յոթն են հաղթահարել հաջորդ փուլ անցնելու շեմը: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ զգալի մասը դուրս են մնացել մրցույթից, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ թեստերը նախատեսվածից բարդ չեն եղել, ստուգվել են բացառապես գիտելիքները: Նա հավելեց նաև, որ այս անգամ առավելագույնս ապահովվել է քննության անցկացման թափանցիկ և արդար կողմը.
«Մենք դիմորդների անձի հետ կապված ստուգում չենք իրականացնում, ստուգում ենք բացառապես գիտելիքը: Այս որակավորման կարգը էականորեն տարբերվում է. բոլոր թեկնածուների անունները ծածակագրվում են, զմռսած տուփի մեջ տեղադրվում աշխատանքները, մենք ստուգում ենք անանուն և հրապարակում ենք գնահատականը՝ ծածկագրով: Մենք մեր նպատակին հասանք, որ գնահատեցինք միայն գիտելիքները»:
Ա. Մկրտչյանը հայտնեց նաև, որ այս դեպքում խնդիր են ունեցել նաև ապահովել քննության ժամանակ տրվող խնդիրների կանխատեսելիությունը. նախապես որակավորման քննության մասնակիցներին ուղարկվել են այն թեմատիկ ոլորտները, որոնց շրջանակներում կազմված են լեղել թեստում ներառված խնդիրները:
Նշենք նաև, որ քննության ընթացքը տեսանկարահանվել է:
Մանրամասները՝ տեսանյութում