Նորություններ

Նոտարների կողմից վճարվող հարկը ամենաբարձրն է․ պալատի նախագահ

Նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը սիրում է ընթերցել գեղարվեստական գրականություն: Հերթական գիրքը, որ նա պլանավորում է կարդալ Ալբեր Քամյուի «Անկում»-ն է: Իսկ արդեն պալատի գործունեության զարգացման պլանենրն ավելի շատ են: Թե ի՞նչ է պալատի երիտասարդ նախագահը պատրաստվում փոխել, ի՞նչ խնդիրներ է տեսնում ու որո՞նք են նորարարությունները, կարդացեք «Հայաստանի նոտարները» նախագծի հերթական հարցազրույցում:

Նախագիծն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ նոտարական պալատի համագործակցության շրջանակներում:

– Դուք այս տարվա սկզբում նշանակվեցիք Նոտարական պալատի նախագահ: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել այս պաշտոնում, եթե ճիշտ է այդ տերմինն օգտագործել տվյալ պարագայում:

– Իմ նպատակն է շարունակել պալատի նախկին նախագահների դրական փորձը, իմ հնարավորությունների սահմանում կատարել բոլոր աշխատանքները՝ նոտարական պալատի, նոտարի դերը հասարակության մեջ բարձրացնելու համար, ամրապնդելու միջազգային կապերը, որոնք արդեն իսկ ստեղծվել են ՀՀ նոտարական պալատի ու միջազգային կառույցների միջև, ինչպես նաև ստեղծել նոր կապեր, ավելի արդյունավետ դարձնել էլեկտրոնային նոտարի համակարգը և այնպես անել, որ նոտարը կարողանա այդ համակարգի միջոցով կատարի օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները, որպեսզի մեկ պատուհանի սկզբունքն առավել արդյունավետ կիրառվի:

– Ես հասկանում եմ՝ փոխվում է պաշտոնը, արդեն լոկ նոտար չեք, իսկ հոգեբանական տեսանկյունից փոփոխություն կա՞:

– Դուք, նշում եք պալատի նախագահը՝ որպես պաշտոն, ինձ համար դա ավելի շատ պարտականություն է, պատասխանատվություն, քան պաշտոն: Միայն պատասխանատվությունն է ավելացել, քան թե պաշտոնին բնորոշ այլ ցանկությունները: Ինձ համար սա առաջին հերթին պարտականություն է և հսկայական պատասխանատվություն, քանի որ ես գործ ունեմ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ ու իմ նպատակն է՝ որպես երիտասարդ իրավաբան, արդարացնել ինձ ընտրած նոտարների սպասումները:

– Տարբեր նոտարիների հետ զրույցում որոշ խնդիրներ են արձանագրվել: Կցանկանային անդրադառնանք դրանցից երկուսին, առաջին՝ որոշ նոտաական գրասենյակներ, հատկապես մարզային նոտարական գրասենյակների մասին խոսքը պայմանները վատթար են, երկրորդը՝ նոտարներից ոմանք նշում էին, որ հարկումներն են շատ, ինչը դժվարություններ է առաջացնում: Այս խնդիրների նկատմամբ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

– Հարկային քաղաքականությունը բոլոր նոտարների համար միևնույն է: Կարելի է ասել, որ Հայաստանի հարկային դաշտում գործող անձանց շրջանակներում նոտարների կողմից վճարվող հարկը ամենաբարձրն է։ Պալատն այդ ուղղությամբ տարել է ու տանում է քաղաքականություն, որ տրամաբանական դառնա հարկն ու իջեցվի, քանի որ նոտարի գանձած ծառայությունների համեմատ, իհարկե, հարկը մեծ է:

– Այսինքն՝ Հարկային նոր օրենսգրքի մշակման շրջանակներում այդ հարցը քննարկվել է ու դուք այդ հարցը բարձրաձայնե՞լ եք:

– Այո, մեր հանձնաժողովի կողմից համեմատական վերլուծություն է արվել գանձվող ծառայությունների, նոտարի կողմից կատարվող ծախսերի, վճարվող հարկերի միջև և առաջարկ է ներկայացվել, որ վերանայվի հարկային քաղաքականությունը՝ կիրառվող նոտրի նկատմամբ:

– Իսկ նոտարական գրասենյակների վատ պայմանների ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

– Ինչպես գիտեք, ցանկացած նոտար ինքն է հոգում իր կողմից կատարվող ծախսերը, նաև գրասենյակի պայմանների համար։ Դեռևս նոտարական պալատին ֆինանսական աջակցության համար նոտարները չեն դիմել, եթե դիմեն, դա կքննարկվի մեր վարչության կողմից ու հնարավորության սահմաններում, իհարկե, օգնություն կցուցաբերվի, եթե նրանց պահանջը համապատասխանի մեր կանոնադրությանը:

– Վերջերս Հայաստան ժամանեցին Նոտարիատի միջազգային միության նախագահ ԴանիելՍեդար Սենգորին և Նոտարիատի միջազգային միության եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Պիեռ Բեքեին: Ի՞նչ է քննարկվել, ինչ համագործակցություն է ձեռք բերվել հանդիպումների շրջանակներում:

– Շատ կարևոր էր այդ այցը։ Առաջին անգամն է, որ պարոն Սենգորը այցելում էր ՀՀ: Այցի շրջանակներում կազմակերպվել է սեմինար Հայաստանի նոտարների հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես ժառանգության, նոտարի պատասխանատվության, նոտարի և պետության միջև հարաբերությունների հետ կապված, նոտարներին բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում: Համագործակցության առումով, ինչպես գիտեք, մեր հյուրերը հանդիպում են ունեցել Արդարադատության նախարարի հետ, որի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերել համաժողովներից մեկն անցկացնել Հայաստանում, որը շատ դրական կլինի Հայաստանի նոտարական պալատի և ընդհանրապես նոտարական համակարգի համար ու կբարձրացնի պալատի միջազգային հեղինակությունը:

– Մշակվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն օրենսդրական փաթեթը, ինչի՞ն է այն միտված:

– Նախագծով նախատեսված են բազմաթիվ դրական փոփոխություններ, ընդլայնվել է լիազորությունների շրջանակը, նոտարներին վերապահվել են լիազորություններ՝ ժառանգության հետ կապված գործերով՝ իրավաբանական փաստերի հաստատման հետ կապված, կատարողական մակագրությունների հետ կապված լիզորություններ, նաև սահմանվել է պատասխանատվություն նոտարի համար անզգուշությամբ կատարված խախտումների դեպքում: Խոսքը գույքային պատասխանատվության մասին է:

– Դեռևս 2013թ.-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան նոտարական գրասենյակում իրականացրեց հասարակական մոնիթորինգ, որի արդյունքները ցույց են տվել, որ պալատում առկա են հետևյալ առանցքային խնդիրները` հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանություն, քաղաքացիների վճարումները հավաստող ֆինանսական փաստաթղթերի չտրամադրում և այլն: Այս խնդիրներն առ այսօր կա՞ն:

– Ես շատ լավ ծանոթ եմ մոնիթորինգի արդյունքներին և ծանոթ եմ նաև դրանից հետո կատարված դրական փոփոխություններին՝ նոտարական համակարգում, արձանագրվել է դրական փոփոխություն, այժմ այդ խնդիրներն այդքան արդիական չեն, քանի որ բոլոր նոտարական գրասենյակներում փակցրված են պետական տուրքերն ու ծառայությունները, նոտարների կողմից տրամադրվում են վճարման անդորագրերը:

– Դուք ի՞նչ խնդիր եք տեսնում, որը պետք է համախմբի նոտարական համայնքին ու լուծում պահանջվի դրա համար:

– Վերջին տարիներին նոտարի դերը հասարակության մեջ նվազել էր, խնդիրներից մեկը տեսնում եմ հենց նոտարի դերի բարձրացումը, բացի այդ հասարակության իրազեկ պահել իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, որը ավելի կօգնի նոտարին իր աշխատանքը լիարժեք կատարել:

– Խոսք գնաց նաև էլեկտրոնային համակարգից, մեկ պատուհանից: Այս համակարգերը ամբողջությա՞մբ է գործում, թե՞ մասամբ:

– Վերջին ամիսների ընթացքում, իմ՝ նախագահի ընտրություններից հետո, համակարգը կատարելագործման նոր փուլ է թևակոխել, որի շնորհիվ մենք համակցում ունենք անշարժ գույքի կադաստրին, անձնագրային բազաներին, քաղաքացիական կացության ակտերի գրացման մարմինների բազաներին։ Իհարկե, դեռ անելիքներ կան, որ այդ մեկ պատուհանի սկզբունքը լիարժեք կիրառվի, սակայն այժմ քաղաքացին դիմելով նոտարին՝ գրեթե կարող է զերծ մնալ ցանկացած այլ պետական մարմին դիմելու անհրաժեշտությունից և իր գործարքը՝ միասնական տեղեկանքը ստանալուց սկսած մինչև սեփականության վկայական ստանալը, կատարել նոտարական գրասենյակում:

– Շատ հաճախ նշվում թ, որ նոտարական պալատը, թեև տարիներ առաջ անկախացավ, սակայն կախվածություն ունի որոշ մարմիններին:

– Իհարկե, պալատը որպես ՀԿ է, բայց ԱՆ-ի կողմից հսկողություն է իրականացվում նոտարական պալատի գործունեության նկատմամբ, սակայն պալատը փորձում է օրենքի շրջանակներում լինել անկախ, դրանով պաշտպանելով նոտարի իրավունքներն ու շահերը: Ես կարող եմ ասել, որ տարիների ընթացքում այդ անկախությունն ավելանում է, կարող եմ նաև ասել, որ ներկայիս գործող նախարարի օրոք այդ անկախությունն ավելի է բարձրացել:

– Մենք դատական համակարգի կողմից մտահոգություն ենք ստանում, որ իրենց կարծիքը օրենսդրական ոլորտի մշակման շուրջ հաշվի չի առնվում: Ձեր դեպքո՞ւմ էլ է նույնը:

– Չեմ կարծում, այն բոլոր իրավական ակտերը, որոնք վերաբերում են նոտարի գործունեությանը, ուղարկվում են պալատ, այդ առումով չունենք այդպիսի խնդիր:

– Նոտարի աշխատանքը նաև հոգեբանական պատրաստություն է պահանջում, համենայն դեպս, այդպես էին ինձ հավաստիացնում տարբեր նոտարներ:

– Ցանկացած քաղաքացու պետք է անհատական վերաբերմունք ցույց տալ: Որպես իրավաբան, որպես նոտար, ես էլ եմ հանդիպել տարբեր իրավիճակների: Կարծում եմ՝ իրավաբանը, հատկապես նոտարը պետք է ունենա հոգեբանական այդ հատկանիշները, որ կարողանա լսել ու հասկանալ քաղաքացուն, պարզել իրական մտադրություններն ու դրանց իրավական ձև տալ:

– Անցում կատարենք անձնական բնույթի հարցերին: Դուք բուհը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետն ավարտել եք 2006 թվականին, երբ մյուս սերնդի ներկայացուցիչներին հարցնում էի՝ ինչո՞ւ ընտրեցիք այս մասնագիտությունը, ասում էին՝ խորհրդային տարիներին նրանք էին որոշում, մեզ չէին հարցնում: Այս դեպքում, ինչպես հասկանում եմ, Դուք եք նոտար դառնալու որոշումը կայացրել, ինչպե՞ս առաջացավ այդ որոշումը:

– Քանի որ ես ծնվել ու մեծացել եմ իրավաբանների ընտանիքում, ավելին՝ մայրս հանդիսացել է նոտար, կարելի է ասել՝ դաստիարակվել եմ նոտարական գրասենյակում ու նոտարների կողմից, նաև այն նոտարների, որոնք այժմ աշխատում եմ։ Իմ պատկերացմամբ կնոջ համար լավագույն մասնագիտությունն ու լավագույն աշխատանքը նոտարի աշխատանքն է :

– Գրականության ոլորտում ի՞նչ հետաքրքրություն ունեք:

– Գեղարվեստական գրականություն եմ սիրում կարդալ, իհարկե, ծանրաբեռնվածություն ելնելով չեմ կարողանում կարդալ այնքան, որքան կցանկանայի, վերջերս կարդացել եմ Ռեմարկ և Ֆիջերալդի գրքերը, ուզում եմ կարդալ Քամյուի «Անկումը»:

– Հոբբինե՞ր ունեք:

– Սիրում եմ ճանապարհորդել, բացահայտել նոր քաղաքներ, նաև ՀՀ-ի տարածում:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ հեղինակի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝

Նոտարական համակարգում գրեթե չկա կոռուպցիա. նոտար Լիլիթ Մուրադյան

«Ինչպե՞ս կարելի է կնոջը բերել, որ իր համաձայնությունը տա». նոտարի խնդրանքին զարմանքով էին արձագանքում Գավառում

Եթե իմ դուռը բացող չլինի, իմ ծառայությունից ոչ ոք չօգտվի, նշանակում է՝ ես իզուր եմ աշխատում. նոտար Վերա Աբաջյանը

«Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում»

Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս

ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին

«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան

«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել