Եթե ունեք աշխատանքային գրքույք, ապա պետք է իմանաք հետևյալ կանոնների մասին

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16–ի թիվ 876–Ն որոշմամբ սահմանված են հետևյալ կարևոէ կանոնները.

Գործատուն հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարում է աշխատանքային գրքույկ:

Աշխատանքային գրքույկում աշխատանքային գործունեության մասին գրառումները կատարում է գործատուն կամ նրա ներկայացուցիչը:

Գործատուի մոտ առաջին անգամ աշխատանքի ընդունվող աշխատողի աշխատանքային գրքույկը լրացվում է գործատուի կողմից ոչ ուշ, քան աշխատանքի ընդունվելուց հետո 5 օրվա ընթացքում:

Աշխատանքային գրքույկն ամբողջությամբ լրացվելու դեպքում աշխատանքային գրքույկի վերջին էջը կնքվում է գործատուի կողմից և տրվում է նոր գրքույկ, որը համարվում է նախորդի անբաժանելի մասը։

Աշխատանքային գրքույկի տիտղոսաթերթում լրացվում են`

ա) աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը).

բ) աշխատողի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

«Տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին» էջում լրացվում են`

ա) 1-ին սյունակում` փաստաթղթում կատարվող գրառման հերթական համարը.

բ) 2-րդ սյունակում` աշխատելու ժամանակահատվածը` գրառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

գ) 3-րդ սյունակում`

գործատուի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը,

զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը,

գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացնում է լիազոր մարմինը),

այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի,

պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացնում է լիազոր մարմինը),

միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն աշխատանքի է անցել ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո),

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն աշխատանքի է անցել զորացրվելուց հետո),

աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին.

դ) 4-րդ սյունակում` գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, իսկ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության վերաբերյալ գրառման դեպքում` փաստաթղթի համարը, սերիան (առկայության դեպքում), տալու օրը, ամիսը, տարեթիվը:

Աշխատանքային գրքույկում գրառումները կատարվում են առանց կրճատումների և համապատասխան բաժնում ունեն իրենց հերթական համարը:

Աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատողի աշխատանքից ազատման) դեպքում աշխատանքային գրքույկում կատարված գրառումները վավերացվում են գործատուի կամ աշխատանքային գրքույկի վարման համար գործատուի ներկայացուցչի ստորագրությամբ և հաստատվում գործատուի կնիքով:

Եթե անհատ ձեռնարկատերը կնիք չունի, ապա աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատանքային գրքույկում կատարված գրառումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային գրքույկում աշխատողի անվան, ազգանվան, հայրանվան և ծննդյան տարեթվի մասին փոփոխությունները կատարվում են հիմնական աշխատավայրում գործատուի կողմից` անձնագրի և ծննդյան վկայականի հիման վրա:

Փոփոխությունը կատարվում է տիտղոսաթերթի վրա` նախկին անվան, ազգանվան կամ հայրանվան կամ ծննդյան տարեթվի վրա գիծ դնելով և փոխարենը նորը գրելով:

Փոփոխության հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները գրվում են աշխատանքային գրքույկի շապիկի ներսի երեսին և հաստատվում են գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ ու կնիքով:

Աշխատանքային գրքույկում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է այն գործատուի կամ նրա իրավահաջորդի կողմից, որտեղ կատարվել է գրառումը կամ նոր աշխատավայրում` համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում կամ դատարանի որոշման հիման վրա, իսկ գործատուի լուծարման դեպքում` լուծարային կամ մրցութային կառավարչի կողմից:

Չի թույլատրվում աշխատանքային գրքույկում ոչ հավաստի և սխալ գրառումներ, ջնջումներ (վրան գիծ դնելը) կատարելը:

Սխալ գրառման դեպքում սխալ գրառումն առնվում է փակագծերի մեջ և տվյալ էջի աջ անկյունում նշվում է «N … գրառումն ուժը կորցրած է ճանաչվում», որից հետո նույն համարի տակ կատարվում է ճիշտ գրառումը, որը հաստատվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ ու կնիքով:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել