Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Հանրային շահին նվիրվածություն, անկաշառելիություն, հետևողականություն, երազանքների (նպատակների և տեսլականի) փորձարարություն, պրոֆեսիոնալիզմ և կազմակերպական ընդունակություններ. սրանք են հակակոռուպցիոն պայքարի առաջնորդի հիմնական բնութագրիչ հատկանիշները: Հենց այս հատկանիշներն այսօր Երիտասարդ առաջնորդների դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Այսօրվա դասընթացի ընթացքում ներկայացված հակակոռուպցիոն պայքարի առաջնորդները երկուսն էին՝ Լի Կուան Յուն և Մարիա Չին Աբդուլլայը:

Կարեն Զադոյանը նշեց, որ Լի Կուան Յուն Անկախ Սինգապուրի հիմնադիր հայրն է, համաշխարհային մաշտաբի հակակոռուպցիոն գործիչ, նա առաջնորդ էր, ով ուներ երազանք և այդ երազանքը իրականություն դարձնելու հետևողական քաղաքական կամք:

Մալազիայի հակակոռուպցիոն շարժման առաջնորդ, «Bersih»-ի (մաքուր և արդար ընտրություններ կոալիցիայի) առաջնորդն է՝ Մարիա Չին Աբդուլլայը: Կարեն Զադոյանի խոսքերով՝ «Bersih»-ը կազմակերպել է չորս խոշոր համազգային ակցիաներ` 1997, 2011, 2012 և 2015 թվականներին:

Կոալիցիայի վերջին հավաքը օգոստոսի 29-30-ին էր, ցուցարարները Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակին մեղադրում էին  700 մլն ԱՄՆ դոլարի կոռուպցիայի կատարման մեջ: Կարեն Զադոյանն ասաց, որ թեև հավաքն արտոնված չէր, սակայն հազարավոր մարդիկ էին եկել երկրի գլխավոր հրապարակ. «Ընդ որում՝ կառավարությունը արգելել էր որևէ լրատվամիջոցի հանրահավաքի մասին քարոզել, սակայն մարդիկ ինքնաբուխ եկել էին: Այսինքն՝ եթե դու կրում ես այդ արժեքները, պարտադիր չէ, որ քեզ իրազեկեն, դու ինքնաբերաբար մասնակցում ես, քանի որ դրանք այլևս քո սեփական արժեքներն են»,- նշեց ՀԵԻԱ նախագահը հավելելով, որ չարտոնված հավաքներ և ժողովրդական ցույցեր կազմակերպելու, խռովության կոչեր անելու մեղադրանքներով քրեական գործ է հարուցվել և Մարիա Չին Աբդուլլայը իր ութ համախոհների հետ անցնում է այդ քրեական գործով, սակայն այս ամենը ի վիճակի չէ կանգնեցնել օր-օրի հզորացող հակակոռուպցիոն պայքարը Մալազիայում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ,  փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը խոսեց բարեխղճության հասկացությունից:

Նրա խոսքերով բարեխղճությունը բնութագրող սկզբունքների ամբողջություն է, որը մշակված և ներդրված է կազմակերպությունում, պետական մարմնում խթանելու վստահությունը և գործողությունների հիմնավորվածությունը շահառուների շրջանում, այլ խոսքերով, բարեխղճությունը պարունակում է նաև հաշվետվողականության տարր:

Փաստաբանը հատուկ անդրադարձ կատարեց նաև պետական բյուջեով նախատեսված դրամաշնորհների թափանցիկությանը, խոսեց Վերահսկիչ պալատի գործունեությունից, ներկայացրեց միջազգային փորձը:

Ինչպե՞ս խորացնել բարեխղճությունը պետական սեկտորում, փաստաբանն առանձնացրեց հետևյալ լուծումները՝ հեռուստահողորդումների պատրաստում և հրապարակում, խմբային քննարկումներ և իրավասու անձանց հետ հարցազրույցներ, իրականացնել պաշտոնական հետաքննություններ, հանրային հաղորդումներ և գործարկել վեբ կայքեր:

Քննարկումների ժամանակ մասնակիցները բանախոսներին ուղղեցին հարցեր, ներկայացրեցին սեփական կարծիքներն ու դիրքորոշումները:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ